Գլխավոր / Բնապահպանություն / Դատախազությունից պահանջում են քննել քաղաքապետի գործողությունները և հաշվետվություն ներկայացնել (թարմացված)

Դատախազությունից պահանջում են քննել քաղաքապետի գործողությունները և հաշվետվություն ներկայացնել (թարմացված)

16։30 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ բողոքոները դուրս են եկել քաղաքապետարանի շենքից։ Նրանք ներսում մոտ 4 ժամ են անցկացրել, սակայն այդ ընթացքում Տարոն Մարգարյանն իր աշխատավայրում այդպես էլ չի հայտնվել։ Քաղաքացիները երթով գնացել են դեպի դատախազությունը և հանձնել Տարոն Մարգարյանի գործողությունների քննության պահանջով դիմումը։ Դիմումում նրանք հղում են արել տարբեր ժամանակներում ԶԼՄ֊ների կողմից բարձրաձայնված Երևանի քաղաքապետարանի բազմաթիվ չարաշահումների, օրենքների խախտումների վրա։ Ակցիայի մասնակիցները ՀՀ դատախազությունից պահանջել են քննության արդյունքում հանրային հաշվետվություն ներկայացնել։

15։35 Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների կազմակերպած հանրային քննարկման մասնակիցներից մեկն ասել է, որ հստակ տեղեկություն ունի, թե Երևանի քաղաքապետարանի մոտ Տարոն Մարգարյանի ցուցումով բերել են Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի անձնակազմը։ Տեղեկություն հայտնողը չի ցանկացել նշել իր անունը։ Շենքում գտնվողները դիմել են ներքևում հավաքվածներին՝ ասելով, որ «փողի համար» չարժե գալ և հակաակցիա անել։ Ցուցարարները հակաակցիայի մասնակիցների թվում նկատել են նաև Սիամանթոյի անվան միջնակարգ դպրոցի երկու ուսուցիչների։ Մարգարյանի դեմ պայքարողները շենքից գոռացել են․ «Սիամանթոյի դպրոցի տնօրեն, Ազիզյանի նման պատասխան ես տալու»։

Միևնույն ժամանակ, Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել․ «Երևանի քաղաքապետարանի շենք ներխուժմամբ պայմանավորված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։ Ոստիկանապետը հայտնել է, որ բացատրական աշխատանքներ են տարվում դեպքի առնչությամբ ցուցարարների հետ»։

15։00 Երևանի քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ մի քանի տասնյակ մարդիկ են հավաքվել, որոնք ներկայանում են որպես Տարոն Մարգարյանի կողմնակիցներ։ Նրանց ձեռքերում թղթիկներ են, որոնց վրա գրված է․ «Տարոնը մեր քաղաքապետն է»։ Նրանք վանկարկում են․ «Տարոն, համարձակ»։ Քաղաքապետարանի ներսում Մարգարյանի հրաժարականը պահանջողները հանրային քննարկումը շարունակում են։

14։50 Քաղապետարանի շենքում գտնվող քաղաքացիները քննարկում են անցկացնում հետագա քայլերի շուրջ։

14։10 Երևանի քաղաքապետարանում գտնվող քաղաքացիները, որոնք այսօր առավոտվանից ակցիա են անցկացնում ընդդեմ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործողությունների, պահանջով դիմել են ՀՀ Դատախազությանը՝ քաղաքապետի գործունեության վերաբերյալ քննություն սկսել և հետագայում հանդես գալ հրապարակային հաշվետվությամբ։ Դիմումում նրանք հղում են արել տարբեր ժամանակներում ԶԼՄ֊ների կողմից բարձրաձայնված Երևանի քաղաքապետարանի բազմաթիվ չարաշահումների, օրենքների և այլ իրավական խախտումների վրա։ Բացի դա, նշված է, որ 2012֊ի մայիսի 2֊ին Մաշտոցի պուրակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խախտել է ՀՀ Սահմանադրության տեղական ինքնակառավարման սկզբունքները, որի վերաբերյալ կրկին որևէ տեսակ հետաքննություն չի իրականացվել։ Հիշեցնենք, որ այդ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մարգարյանին հորդորել էր ապամոնտաժել Մաշտոցի պուրակի տաղավարդները, ինչն էլ արվել էր։ Հենց դա էր հանդիսանում ինքնակառավարման սկզբունքի խախտում։

Այս պահի դրությամբ մի քանի տասնյակ քաղաքացիներ գտնվում են Երևանի քաղաքապետարանի շենքում, ևս մի քանի տասնյակ բողոքողների ներս չեն թողնում։ Նրանք հավաքվել են շենքի մուտքի մոտ։

Իր հերթին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը դիմել է ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին՝ պնդելով, որ մարդկանց ներխուժումը քաղաքապետարան ապօրինի է և խնդրել է «ձեռնարկել միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար»։

13։50 Այսօր Երևանի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու ծառահատումների դեմ, ապա ներխուժել են Երևանի քաղաքապետարան՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպում պահանջելով։

Այգում շինաշխատանքների վերաբերյալ երեկ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե հատվել են չոր և ծերացած ծառերը և դրանց փոխարեն նոր ծառեր են տնկվելու: Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին, Երևանի ավագանու որոշմամբ այգին հանձնվել էր «Վարդանյան ընտանիք» («Գրանդ Քենդի» ընկերության սեփականատերեր Վարդանյան ընտանիքի հիմնադրամ֊խմբ․) բարեգործական հիմնադրամին՝ Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ բարենորոգում իրականացնելու համար:

Այսօր կեսօրին ակցիա անցկացնող քաղաքացիներին մոտեցել են բարեգործական հիմնադրամի աշխատակիցներն ու կրկնել են, որ հատվել են չորացած ծառերը: Քաղաքացիները ցույց են տվել թարմ հատված ծառերի ճյուղեր և այդ ճյուղերը տարել են Երևանի քաղաքապետարանի մուտքի դիմաց՝ փակելով այն։ Քաղաքացիները պահանջել են, որ անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իջնի և պատասխան տա կատարված վանդալիզմի համար:

«Եթե Տարոնը չենթարկվի քրեական պատասխանատվության, ապա էս ամեն ինչը կապիկություն ա եղել»,- ասել է ակտիվիստներից մեկը:

Քաղաքացիները վանկարկում էին «Տարոն, հանցագործ»:

Քանի որ Մարգարյանը չի իջել, քաղաքացիները մտել են քաղաքապետարան: Նրանց մոտեցել է փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը և ասել․ «Էս ձևով հարցեր չեն լուծում: Առաջարկ եմ անում բարձրանանք բրիֆինգների դահլիճ»:

Քաղաքացիներն ասել են, կընդունեն այդ առաջարկը, եթե Տարոն Մարգարյանը գալու է այդ հանդիպմանը: Նրանց նաև առաջարկել են այլ վայրում հանդիպում կազմակերպել, ինչը քաղաքացիները նույնպես մերժել են։

Epress.am֊ի լրագրողը մտել է Տարոն Մարգարյանի ընդունարան և այնտեղ ներկա երկու աշխատակիցներից հարցրել է, թե ուր է քաղաքապետը։ Նրան պատասխանել են, թե Մարգարյանն ընդմիջման է։ Այս պահին մարդիկ շարունակում են մնալ քաղաքապետարանի շենքում։