Գլխավոր / Կրթություն / Բուհերի խորհուրդներում պետական պաշտոնյաներ չեն լինի

Բուհերի խորհուրդներում պետական պաշտոնյաներ չեն լինի

Կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է՝ բուհերն ազատականացվելու են և դառնան ինքնավար։

«Բարձրագույն կրթության մասին օրենքը որ բերել էր նախկին կառավարությունը, ենթադրում էր, որ պետական պաշտոնյաներն իրավունք չէին ունենալու տեղ զբաղեցնել բուհական խորհուրդներում, բայց դեկտեմբերի վերջին Սերժ Սարգսյանի հրահանգով դա փոփոխվել է․ մի երկու պաշտոնյաներ կարող էին, այնուամենայնիվ, տեղ զբաղեցնել բուհերի խորհուրդներում։ Հիմա մենք դա էլ պետք է փոխենք, որ որևէ պաշտոնյա կամ քաղաքական գործիչ տեղ չունենա բուհերի խորհուրդներում և բուհերը առավելագույնս լինեն ինքնավար և ակադեմիական ազատությունները դրանից չտուժեն», — այս մասին Կառավարության մոտ լրոգրողների հետ զրույցում ասել է Հարությունյանը։

Անդրադառնալով վերջին զանգին դպրոցներում ավանդաբար կատարվող դրամահավաքությանը՝ նախարարը վստահեցրել է, որ այդ խնդիրն իր ուշադրության կենտրոնում է։

«Ես բազմաթիվ տեղեկություններ ունեմ, որ այն գումարները, որոնք որ հավաքվել են վերջին զանգի համար, հետ են տրվել։ Բայց կան նաև ահազանգեր, որ այդ գումարները շարունակվում են հավաքվել», — ասել է Հարությունյանը։

Նա նշել է, որ յուրաքանչյուր դեպքի հետ կապված տվյալները հանձնվել են իրավապահ մարմիններին։

Նախարարը հորդորել է այն ուսուցիչներին, որոնք նման գործունեությամբ են զբաղվում, վերջ տալ այդ պրակտիկաներին․ «Հայաստանում իրավիճակ է փոխվել և պատժվելու են բոլորը»։