Գլխավոր / Մարզեր / Մերժում են չմերժելով․ ինչու է Գյումրիի քաղաքապետն ավագանու նիստը կրկեսի վերածել

Մերժում են չմերժելով․ ինչու է Գյումրիի քաղաքապետն ավագանու նիստը կրկեսի վերածել

Հարգելի՛ ավագանու 13 անդամներ, մեր քաղաքն ուրիշ պրոբլեմ չուներ չէ՞․ իսկապե՞ս պարապ էինք մնացել՝ 50 տոկոսանոց աղքատության, 3000 անօթևան ընտանիքների, արտագաղթի այլանդակ այս տեմպի մեջ գտնվող քաղաքում 40-50 հազարով աշխատողների դարդերը թողած, որոշե՞լ եք բեմադրել այս կրկեսը։ Անդրադառնալով Գյումրու քաղաքապետի թեկնածու Տիգրան Հովհաննիսյանի առաջադրմանը՝ իր ելույթում ասել է ավագանու «ԳԱԼԱ» խմբակցության անդամ, լրագրող Լևոն Բարսեղյանը։

Ավագանու նիստին քննարկվում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու հարցը: Հարցն օրակարգ են բերել ավագանու հենց Բալասանյանի խմբակցության՝ «Բալասանյան» դաշինքի 10 անդամները, ստորագրել է նաև 1 հոգի ՕԵԿ-ից, 2 հոգի՝ ԲՀԿ-ից:

Բարսեղյանն իր խոսքում նշել է, որ, ըստ էության, Տիգրան Հովհաննիսյանն անհապաղ բժշկի կարիք ունի։ Բալասանյանին անվստահություն հայտնելու հարցը բարձրացրել են «Բալասանյան» դաշինքի անդամները, օրակարգ է մտցրել Հովհաննիսյանը, սակայն այսօրվա նիստի ժամանակ նա ասել է, թե ուզում է, որ Բալասանյանը մնա իր պաշտոնին։ Տարօրինակ է նաև այն, շարունակել է Բարսեղյանը, որ քաղաքապետի թեկնածուն որոշում է որևէ մեկի հարցերին չպատասխանել․ «Էդ կամավո՞ր եք ուզել դառնալ քաղաքապետ, թե ստիպել են»։

ԳԱԼԱ֊ի անդամը հարց է բարձրացրել նաև` եթե անվստահություն են հայտնում Բալասանյանին հիմա՝ ինչո՞ւ դրանից առաջ առհասարակ նրան խմբակցությունից չեն հանել։ Կամ ինչո՞ւ դժգոհողներն իրենք դուրս չեն գալիս խմբակցությունից։

Ավելի վաղ Լևոն Բարսեղյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ այդ քայլով «Բալասանյան» դաշինքը ցանկանում է տապալել անվստահություն հայտնելու իրենց իսկ նախաձեռնած ակցիան՝ դրանով վստահություն հայտնելով Սամվել Բալասանյանին: Եթե հիմա տապալվի այս գործընթացը, ապա 1 տարի օրենքով արգելվում է անվստահություն հայտնել քաղաքապետին:

Գյումրիի ավագանին այդպես էլ արել է՝ անվստահություն չհայտնելով Բալասանյանին։