Գլխավոր / Դատարան / Փաշինյանը կոչ է արել որևէ ճանապարհ չփակել․ «Սասնա ծռերի» աջակիցները բացել են Արշակունյացը

Փաշինյանը կոչ է արել որևէ ճանապարհ չփակել․ «Սասնա ծռերի» աջակիցները բացել են Արշակունյացը

«Ժամը 15։00֊ից դադարեցնում ենք անհնազանդության բոլոր ակցիաները»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի միջոցով ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հասկանալի չէ ամենօրյա ռեժիմով ճանապարհներ փակելը և անհնազանդության գործողությունների իրականացնելը, երբ ժողովրդի մանդատով ընտրված և ժողովրդի խնդիրները լուծելու համար իշխանության եկած մարդիկ են ղեկավարները։

«Իսկ ո՞ւմ ենք մենք անհնազանդություն հայտարարում։ Երբ անհնազանադություն ենք անում, այն ուղղված է իշխանություններին, իսկ այսօր Հայաստանում հաստատված է քաղաքացու իշխանություն։ Հետևաբար մենք ո՞ւմ ենք անհնազանդություն հայտարարում, ինքներս մե՞զ», ֊ ասել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ մարդիկ պետք է հստակ ցույց տան, որ Հայաստանի կառավարությունն ունի ժողովրդի վստահությունը և Հայաստանի քաղաքացիները չունեն քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելու որևէ առիթ։

Նա նաև անդրադաձել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիաներին․ «Կան քաղաքացիներ, որոնք պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Մենք այդ հարցն էլ կքննարկենք և կառավարության, իմ դիրքորոշումը կարտահայտենք։ Կարծում եմ՝ սա է ճիշտ ճանապարհը, որպեսզի մենք թավշյա հեղափոխության արդյունքներն ուղղորդենք ճիշտ ճանապարհով։ Կոչ եմ անում ընդհանրապես որևէ ճանապարհ չփակել որևէ նպատակով»։

Փաշինյանի հորդորից հետո Արշակունյաց պողոտան փակած «Սասնա ծռերի» աջակիցները սկսել են քննարկել՝ արդյոք պետք է բացեն ճանապարհը, ապա բացել այն՝ փակ պահելով միայն Շենգավիթի դատարանի մուտքերը։