Home / Դատարան / Դատավորներին հրահանգներ տվող Վճռաբեկի նախագահը պետք է հեռանա․ ակցիա

Դատավորներին հրահանգներ տվող Վճռաբեկի նախագահը պետք է հեռանա․ ակցիա

Քաղաքացիական ակտիվիստ, գործարար֊ինժեներ Վարդգես Գասպարին արդեն 7 օր է՝ աշխատանքային օրվա մեկնարկին և ավարտին փակում է Վճռաբեկ դատարանի մուտքը: Նա պահանջում է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրաժարականը, քանի որ վերջինս բոլոր քաղաքական դատավարությունների ժամանակ հրահանգներ է տվել դատավորներին՝ զրկելով նրանց անկախությունից:

Գասպարին պառկում է դատարանի շենքի մուտքի մոտ, իսկ դատարանի աշխատակիցները հեռանում են հետնամուտքով:

Մայիսի 16-ի ակցիան

«Փաշինյանի գլխավորած շարժումը հասավ նրան, որ գործադիր իշխանության ղեկավարը հրաժարական տվեց: Հիմա ծով անելիքներ են սպասում Փաշինյանին և նրա թիմակիցներին: Իսկ այս քարը, այս դատական համակարգը մնացել է: Դատավորները սպասում են, որ նոր հրահանգներ գան, թե ինչ պետք է անեն: Իրենք չեն պատկերացնում, որ նոր հրահանգներ չեն լինելու և իրենք իրենց պատասխանատվությամբ պետք է որոշումներ կայացնեն: Քանի որ չեն պատկերացնում դա, նախկին հանձնարարականները դեռ ուժը պահպանված են համարում: Այս իրավիճակը կարող է փոխվել, եթե Վճռաբեկ դատարանի նախագահը հրաժարական տա՝ հանրային ճնշման տակ», – ասել է Գասպարին:

Այսօր առավոտյան Գասպարիին միացել են «Սասնա ծռեր» խմբի աջակիցներից մի քանիսը։ Նրանք միասին կարողացել են փակել Վճռաբեկ դատարանի բոլոր տեսանելի մուտքերը: Պայմանավորվել են նույնն անել աշխատանքային օրվա վերջին՝ 17։30֊ին: