Home / Մարզեր / Ոստիկանությունը մերժել է «մի ապտակի» համար գործ հարուցել աշակերտին հարվածած ուսուցչի դեմ

Ոստիկանությունը մերժել է «մի ապտակի» համար գործ հարուցել աշակերտին հարվածած ուսուցչի դեմ

Արտաշատի ոստիկանությունը մերժել է ուսուցչու կողմից աշակերտին ապտակելու դեպքի առթիվ երեխայի ծնողների բերած բողոքը։ Նրանք մերժումը հիմնավորել են, թե «մի ապտակի համար գործ չեն հարուցում»: Այս մասին Epress.am-ին ասել է բռնության ենթարկված 9-րդ դասարանի աշակերտ Արթուրի տատիկը՝ Ցողիկ Գրիգորյանը:

Աշակերտը բռնության է ենթարկվել Արտաշատ քաղաքի թիվ 1 դպրոցի ուսմասվար Նաիրա Մեժլումյանի կողմից՝ ապրիլի 20-ին ընթացող դասադուլի ժամանակ:

Ցողիկ Գրիգորյանը բողոքարկում է Ոստիկանության անգործությունը Դատախազությունում և հրավիրում է նոր Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ուշադրությունն այս գործին:

«Մի ապտակ է էլի՝ դա ինչ ասելու բան է: Մի մուշտի տվի, է՛լի, ուրիշ բան խո չե՛մ արել։ Երեխան մեծ սթրեսի մեջ է ընկել դրա պատճառով: Նախ մի ապտակ չէ, երկուսն է: Մեժլումյանը երեխային ապտակել է Մարքսի փողոցի վրա՝ ասելով նրան՝ ինչ գործ ունես այս խուլիգանների հետ:

««Խուլիգաններն» էլ ավագ դպրոցի աշխակերտներ էին, ում հետ Արթուրը կանգնած է եղել: Այդ պահին նա ձեռքը բարձրացրել է, որ հարվածը դեմքին չկպնի: Մի անգամ էլ ապտակել է արդեն դպրոցի ներսում՝ միջանցքում: Այնպես է ապտակել, որ մատերի տեղերը մնացել են երեխայի դեմքին: Երկրորդ անգամ է ցանկացել խփել, տնօրենը չի թողել»,- ասել է Գրիգորյանը:

Մասնագիտությամբ մանկական հոգեբան Ցողիկ Գրիգորյանն այսօր դատախազությունում բողոքարկել է ոստիկանության որոշումը։

«Նախաքննությունն արել են խախտումներով: Չի եղել առերեսում ուսուցչի և երեխայի միջև, չեն հարցաքննվել վկաները:  Դատաբժիշկ ուղարկել են դեպքից 7 օր հետո միայն: Ապտակի դեպքում եթե այդքան ուշ են դատաբժշկական փորձաքննություն անում, բնական է, հետքերը վերացած կլինեն: Հետաքննիչը  թույլ չի տվել, որ երեխան ինքը ցուցմունք գրի, ասել է թելադրի, ես արագ կգրեմ, շտապում եմ: Ցուցմունք տալուց մանկավարժ ներկա չի եղել, մինչդեռ գրել են, որ եղել է: Եվ այլ շատ խախտումներ»,- պատմել է Ցողիկ Գրիգորյանը: