Գլխավոր / Եկեղեցի / Կաթողիկոսը հրաժարվել է փոխհատուցել սևանցիներին՝ «եկեղեցին փարա չունի»․ նախարարությունը զբաղվում է հարցով

Կաթողիկոսը հրաժարվել է փոխհատուցել սևանցիներին՝ «եկեղեցին փարա չունի»․ նախարարությունը զբաղվում է հարցով

2001 թվականին Կաթողիկոս Գարեգին Բ֊ն Սևանի թերակղզու լողափի մոտ 32 հեկտար տարածք է վերցրել որպես անհատույց սեփականություն՝ Վազգենյանց դպրանոցի համար։ Մինչ դա, տարածքը վարձակալում էին 12 սևանցիներ և օգտագործում հանգստի սպասարկման բիզնեսի համար։ 12 սևանցիներից մեկը՝ Արմեն Հովհաննիսյանը, Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ կաթողիկոսը ցանկապատել է այդ տարածքները՝ հրաժարվելով անգամ իրենց փոխհատուցում տալ։

«2004 թվականին մեզանից 6 հոգու ընդունեց Մայր Աթոռում։ Ասաց՝ դա Կառավարության որոշմամբ տրվել է ինձ և պլաններ ունեմ լողափ սարքել, ընդունել արտասահմանից ինձ եկած հյուրերին։ Հետո ասաց, որ ճեմարանը (դպրանոցը) բացենք, ձեզ աշխատանք կտամ։ Մենք ասացինք՝ մենք ճեմարանում ի՞նչ պետք է աշխատենք։ Հետո փոխհատուցումից խոսք գնաց, ասաց՝ մոմ ենք ծախում, ապրում ենք։ Կնոպկան սեղմեց, քարտուղարուհուն հարցրեց՝ Մարիաննա, մեզ փարա ունենք, նա ասաց՝ չէ։ Փող էլ չասեց՝ փարա»,֊ Գարեգին Բ֊ի հետ հանդիպման մասին պատմել է Արմեն Հովհաննիսյանը։

Սևանցիները հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը իրենց կօգնի վերականգնել վարձակալության իրավունքը։ Մայիսի 16֊ին սևանցիները փակել էին միջպետական ճանապարհը՝ թերակղզու հատվածում։ Այնուհետև նրանցից մի քանիսը հրավիրվել են Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, հանդիպել նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

«Պարոն Պապիկյանը մեզ շատ ջերմ ընդունեց։Եվ ասաց, որ նախարարությունից կգան, տարածքը նայելու և մեր փաստաթղթերին ծանոթանալու», ֊ ասել է Հովհաննիսյանը։

Այսօր Նախարարությունից Աշոտ Գիլոյանը, Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը գնացել են Սևանի թերակղզի խնդիրը քննարկելու համար։