Home / Բանտ / Հոգեբանների մուտքը բանտեր կրկին արգելվել է․ 6 տարվա աղետալի վիճակագրությունը չօգնեց

Հոգեբանների մուտքը բանտեր կրկին արգելվել է․ 6 տարվա աղետալի վիճակագրությունը չօգնեց

2011-2017 թթ.-ին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է ինքնասպանության 27 դեպք: Այս մասին նշված է Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի կողմից ներկայացված վիճակագրական տեղեկանքում։

Վիճակագրության համաձայն, ինքնասպանության ամենաբարձր ցուցանիշը՝ 7-ական դեպք, արձանագրվել է 2011 և 2016 թթ.-ի ընթացքում, իսկ ամենացածր ցուցանիշը՝ 2013 և 2017 թթ.-ին՝ 2-ական դեպք: 2012, 2014 և 2015 թթ.-ին գրանցվել է ինքնասպանության 3-ական դեպք:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ 2016 թ.-ին արձանագրված ինքնասպանության բոլոր 7 դեպքերով հարուցվել են քրեական գործեր։ 2017 թ.-ին արձանագրած ինքնասպանության 2 դեպքերով անցկացվել է 2 ծառայողական քննություն, որոնցից 1-ի արդյունքներով քրեակատարողական ծառայողների գործողություններում կարգապահական խախտման տարրեր չեն հայտնաբերվել, իսկ 1 ծառայողական քննություն կասեցվել է:

Ինչ վերաբերում է դատապարտյալների ինքնավնասման դեպքերին, ապա ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում 2016 թ.-ին արձանագրվել է ինքնավնասման 879 դեպք և կանխվել՝ 135 դեպք։ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նշված ժամանակահատվածում շուրջ 250 ինքնավնասման դեպքերը կատարվել են ընդամենը 2 դատապարտյալի կողմից։ Ինքնավնասումները հիմնականում դրսևորվել են աջ և/կամ ձախ նախաբազուկների, որովայնի, պարանոցի վնասումներով։ Արձանագրվել են նաև ոտքերը հատակին գամելու դեպքեր։

2017 թ.-ի ընթացքում ՔԿՀ֊ներում արձանագրվել է ինքնավնասման 607 դեպք, կանխվել՝ ինքնավնասման 190 դեպք։

Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկներին, ապա 2017 թ.-ի ընթացքում «Գորիս» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման դեպքեր չեն արձանագրվել: Ամենաշատ դեպքերը արձանագրվել են «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում՝ համապատասխանաբար 211 և 174 դեպք: «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գրանցվել է ինքնավնասման 68 դեպք, «Հրազդան»-ում՝ 53, «Վանաձորում»՝ 40, «Արթիկ»-ում՝ 29, «Աբովյան»-ում՝ 12, իսկ «Վարդաշեն»-ում՝ 8 դեպք: Ինքնավնասման 5-ական դեպք է արձանագրվել «Սևան» և «Կոշ» ՔԿՀ-ներում, ինչը 2017 թ.-ի ընթացքում արձանագրված ինքնավնասումների ամենացածր ցուցանիշն է։

Ինքնավնասումների դեպքերի ուսումնասիրության արդյունքում Դիտորդների խումբն այն եզրակացությանն է հանգել, որ արդյունավետ քննություն չի տարվել պատճառները և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների հնարավոր մեղքի հավանականությունը պարզելու համար:

2017 թ.-ի դեկտեմբերի 27-ին Դիտորդների խումբը արդարադատության նախարարությանը առաջարկել է կրկին քննարկել ներկայացված հոգեբաններին քրեակատարողական հիմնարկներ մուտք թողնելու թույլտվության տալու հարցը, սակայն թույլտվություն տրամադրելու առաջարկը դարձյալ մերժվել էր։