Home / Բնապահպանություն / Մեղրիում Փաշինյանին ուղղված հանրագիր են պատրաստում՝ խնդրելով արգելել հանքերի շահագործումը

Մեղրիում Փաշինյանին ուղղված հանրագիր են պատրաստում՝ խնդրելով արգելել հանքերի շահագործումը

Մայիսի 18-ին Մեղրի համայնքի մի խումբ բնակիչներ գնացել են Լիճքի հանքավայրի տարածք և ղեկավարությանը ներկայացրել մեղրեցիների դժգոհությունը տարածաշրջանում հանքարդյունաբերության զարգացման վերաբերյալ, գրում է meghrinews.com֊ը: Կայքը նշում է, որ նախօրեին մեղրեցիները բողոքի ակցիա էին նախատեսել, սակայն այն չեն անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորից հետո, որը կոչ էր արել դադարել փակել փողոցները։

Մեղրեցիները արդեն 2 օր է ստորագրահավաք են սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հանրագրի տակ՝ Մեղրի համայնքի տարածքում երկրաբանահետախուզական և հանքերի շահագործման աշխատանքներն արգելելու, Լիճք բնակավայրում գործող պղնձի հանքավայրի շահագործումը դադարեցնելու և համայնքի տարածքում մետաղական հանքավայրերի շահագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով:

2016 թվականից «Թաթսթոուն» ՍՊԸ-ի կողմից Լիճքի տարածքում պղնձի և մոլիբդենի հանքավայր է շահագործվում: Այս հանքավայրի տարածքը գտնվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում, Մեղրի համայնքի խմելու ջրամատակարարման ջրաբաշխիչ համակարգի սանիտարական գոտին նույնպես այս տարածքում է, և հանքավայրի շահագործումը կարող է ինչպես որակական, այնպես էլ քանակական բնույթի շատ լուրջ ազդեցություն թողնել Մեղրի գետի ջրի և խմելու ջրամատակարարման համակարգի վրա: