Գլխավոր / Բանակ / Բռնաբարության մասին բարձրաձայնած զինվորը ճնշման տակ փոխել է ցուցմունքը. Forrights.am

Բռնաբարության մասին բարձրաձայնած զինվորը ճնշման տակ փոխել է ցուցմունքը. Forrights.am

Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում սպայի կողմից իրեն բռնաբարելու մասին հաղորդում տված զինծառայողը պահվում է Ռազմական ոստիկանության աշխատակիցների անսահմանափակ տիրապետման և ճնշումների ներքո, և զարմանալի չէ, որ փոխել է ցուցմունքները: Այս մասին հայտնում է forrights.am֊ը։

Զինվորի նոր՝ ինքնախոստովանական ցուցմունքներից բխում է, որ երիտասարդը նույնասեռական է: Նա նշում է, որ բանակ զորակոչվելուց առաջ սեռական կապ է ունեցել ինչ-որ երիտասարդի հետ, որը բնակվում է Լոս-Անջելեսում և որի անունը գործի նյութերում չկա: Նաև ցուցմունք է տալիս այն մասին, որ, իբր, ինքն է առաջարկել սպային իր հետ կապի մեջ մտնել, որը մերժել է իրեն:

ՌՈ֊ում գտնվելու ընթացքում զինվորը նաև հրաժարվել է իր փաստաբանից։ Նրան տրվել է նոր հանրային պաշտպան՝ արցախցի հանրային պաշտպան Իշխանյան։ Վերջինս forrights.am֊ի հարցերին չի ապտասխանել՝ պատճառաբանելով, որ պարտավոր չէ դա անել և որ խոսակցությունը լսում են ադրբեջանցիները: Նա նաև սպառնացել է, որ կհրաժարվի զինվորին պաշտպանելուց։

Զինվորի մայրը պատրաստվում է դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին, ՄԻՊ Արման Թաթոյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ պահանջելով իր որդուն գոնե տեղափոխել Կենտրոնական զինվորական հոսպիտալ: Վստահեցնում է՝ որդուն շտապ բժիշկների և հոգեբանների օգնություն է պետք:

Նշենք, որ ժամկետային զինծառայող Կ․-ի վերաբերյալ կատարված առաջին դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ տղան սեռական բնույթի գործողությունների է ենթարկվել։