Գլխավոր / Կրթություն / ՀՀԿ֊ին սպասարկող հիմնադրամին բուհերն այսուհետ տոկոսներ չեն վճարելու․ ԿԳ նախարար

ՀՀԿ֊ին սպասարկող հիմնադրամին բուհերն այսուհետ տոկոսներ չեն վճարելու․ ԿԳ նախարար

Տարիներ շարունակ բուհերի կողմից ուսման վարձերի 2%-ի չափով Հայաստանի Երիտասարդական հիմնադրամին տրվող գումարները չեն վճարվելու, փոխարենը՝ բուհերն են տնօրինելու այդ գումարներն իրենց կարիքները հոգալու համար։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«2000֊ականների սկզբին բուհերին ասվել է՝ մոտ 20 տոկոս ԱԱՀ֊ից կազատվեք, դրա դիմաց այդ փոխանցումները կատարեք։ Սահմանվել է 2 տոկոսանոց պարտադիր վճարում Երիտասարդական հիմնադրամին, հետո օրենքը փոխվել է և այդ 20 տոկոսի հարցը դուրս է եկել, բայց մյուս վճարը շարունակել են կատարել։ Եվ դա հասել է միլիարդավոր դրամների։ Այժմ այդքան գումարը բուհերը շատ հանգիստ կտնօրինեն բուհի կարիքների համար, որը տարիներ շարունակ հնարավորություն չեն ունեցել տնօրինել ինքնուրույն»,֊ ասել է Հարությունյանը։

Նախարարի խոսքով՝ նախկին իշխանությունը շատ լավ տեղյակ է եղել, որ Երիտասարդական հիմնադրամին փոխանցված գումարները ծառայել են Հանրապետականի շահերին։

«Բուհերի հսկայական միջոցների հաշվին Երիտասարդական հիմնադրամը ապահովել է Հանրապետական կուսակցության PR֊ը, երիտասարդներին ներգրավել են քաղաքական պրոցեսների մեջ, տարբեր խնջույքների, տմբլ֊տաշիների և նմանատիպ միջոցառումների միջոցով։ Իհարկե, Երիտասարդական հիմնադրամն ինչ֊որ չափով նաև սոցիալական խնդիրներ է լուծել, բայց շատ հաճախ այդ սոցիալական խնդիրները լուծել են այն պայմանով, որ դրա դիմաց տվյալ մարդիկ անհրաժեշտ ժամանակահատվածում, մասնավորապես՝ ընտրությունների ժամանակ, կաջակցեն Հանրապետական կուսակցությանը։ Ընդ որում, սա եղել է արատավոր պայմանավորվածության հիման վրա»,֊ ընդգծել է Հարությունյանը։