Home / Բնապահպանություն / Չնախատեսված սննդի կետ՝ հանրային տարածքում․ Մաշտոցի պողոտային հարակից պուրակի խնդիրները

Չնախատեսված սննդի կետ՝ հանրային տարածքում․ Մաշտոցի պողոտային հարակից պուրակի խնդիրները

Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի միջնահատվածում գտնվող պուրակում, որը բարեկարգվում է «Տաշիր գրուպ» ընկերության կողմից, նախին ամֆիթատրոնի տեղում կառուցվում է սննդի կետ, որի մասին, սակայն, նախապես տեղյակ չեն պահել հանրությանը։ Նույն այգու սկզբնամասում սրճարան է նախատեսված (նախկին «Մալիբու» սրճարանի հատվածում), որի մասին տեղեկատվությունը եղել է հատակագծում։ Պուրակը պատրաստ պետք է լիներ 2015 թվականին, սակայն այնտեղ մինչ այժմ շինարարական աշխատանքներ են տարվում։

Դեռևս 2015 թվականի օգոստոսի 13-ին Երևանի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, որ «Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում «Տաշիր գրուպ» ընկերությունը մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգում («Մալիբու» սրճարանին հարակից հանգստի գոտի) իրականացնում է բարեկարգման աշխատանքներ»: Նախագծի համաձայն, միջոցառումներ կազմակերպելու համար այգում պետք է կառուցվեր ամֆիթատրոն, ինչպես նաև «նորովի լուծումներով կվերականգնվեն շատրվանները, շուրջ 2500 քմ-ով կավելացվեն կանաչ տարածքները»։

Շինարարության պատվիրատուն «Նոր Երևան» ՍՊԸ-ն է, որը, ըստ Hetq.am-ի «Տաշիր» խմբի ընկերություններից է։ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում հիմնադիրներից մեկը նշված է «Գրովեր հոլդինգ & ինվեստ ԼՏԴ» ընկերությունը, որը գրանցված է օֆշորային գոտում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում։ Մյուս հիմանդիրնեն են Համիկ Մկոյանը և Արտավազդ Պետրոսյանը։ Համիկ Մկոյանը Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի օգնականն էր, իսկ Արտավազդ Պետրոսյանի հայրը՝ Նորիկ Պետրոսյանը, ըստ Hetq.am-ի հրապարակումների, խոշոր գործարար է։ Նա «Նեֆտեգազստրոյ» ընկերության բաժնետերերի 50 տոկոսի սեփականատերն է: Այս ընկերությունը «Գազպրոմի» հետ խոշոր պայմանագրեր է կնքել:

Ժամկետը խախտվել է

Կապալառու ընկերությունը «Դակշին» ՍՊԸ-ն է, որի հիմնադիրը, ըստ նույն էլեկտրոնային ռեգիստրի, Կարեն Ադամյանն է։

Չնայած որ, քաղաքապետարանի պաշտոնական կայքում դեռևս 2015 թվականին գրվել էր, որ պուրակի բարեկարգման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ, այն մինչև այժմ պատրաստ չէ։

Երբ այգում սկսվել են կառուցապատման աշխատանքներ, այն պաստառապատվել է և դրա վրա ցուցանակ է փակցվել, որտեղ որպես շինարարության սկիզբ նշվում էր 2015 թվականի մայիսի 27֊ը, իսկ ավարտ՝ 2017 թվականի ապրիլի 30-ը։

Epress.am-ի հետ զրույցում «Դակշին» ընկերության փոխտնօրեն Դավիթ Ադամյանը նշել է, որ շինարարական աշխատանքներն ավարտվելու են այս տարվա հուլիս 20-ից 25-ը․ «Անցած տարի ապրիլին մենք դիմել ենք քաղաքապետարան և խնդրել ենք, որ ժամկետը երկարացնեն մինչև 2018 թվականի հուլիսի վերջ։ Դա պայմանավորված էր նրանով, որ Հայաստանում այս ծավալի և որակի շատրվաններ առաջին անգամ են կառուցվում, դա մեր առաջին փորձն էր, դրա համար էլ ժամկետն ուշացավ»։

Կապալառուն փորձ չունի

«Դակշինը» հիմնադրվել է 2015-ի մայիսի 5-ին, այսինքն՝ շինաշխատանքների մեկնարկից 12 օր առաջ։

Այն հատակագծում, որը հաստատել է Երևանի քաղաքապետարանը, նշված չի եղել, որ այգու հետնամասում՝ Սարյան փողոցին հարող հատվածում, կառուցվելու է ևս մեկ սրճարան։

Դավիթ Ադամյանն ասել է, որ նախկին «Մալիբու» սրճարանի տեղը մեկ այլ սրճարան է լինելու, իսկ հետնամասում կառուցվելու է սննդի կետ․ «Դե սրճարան ասել չի լինի դրան, ցանկացած մարդ կարող է մտնել և ներսում նստել, ուտել։ Դիմացի մասում կառուցվում է սննդի վաճառքի կետ, իսկ փայտային մասը կանաչով փակվելու է և դառնալու է կանաչ կղզյակ։ Այդ սննդի կետը տրվելու է վարձակալության»։

Բնապահպան, իրավապաշտպան Սոֆյա Մանուկյանն այդ տարածքի բնակիչ է, նա շինարարության ողջ ընթացքում հետևել է աշխատաքներին և հավաստիացնում է, որ ընկերությունը նախապես պաստառ փակցրել է, սակայն հետագայում փոփոխված նախագծով պաստառն այդպես էլ  չեն փակցրել․ «Ինչո՞ւ հանրությանը լիարժեք սրա մասին տեղյակ չեն պահել։ Այսինքն՝ խաբո՞ւմ են մարդկանց։ Կամ եթե կա նոր նախագիծը, ինչո՞ւ չեն կախում»։

Այդ առնչությամբ Դավիթ Ադամյանը նշել է, որ սննդի կետ կառուցելու որոշումն ընդունվել է շինարարության ընթացքում, իսկ փոփոխված նկարը իրենք փակցրել են, ուղղակի անհայտ անձինք այն պոկել են օրեր առաջ։ Նա խոստացել է, որ մայիսի 21-ից պաստառը կրկին փակցված կլինի։

«Քանի որ կատարվել է 10֊ից ավելի միլիոն դոլարի ներդրում և այս ամբողջի դիմաց քաղաքապետարանի բյուջեն ի վիճակի չէր մուծել։ Սա բարեգործական պրոյեկտ է, պետբյուջեից չի վճարվում։ Հետագա սպասարկամ համար գումար չլինելու պատճառով, որոշվեց մի թեթև կոմերցիոն բան անել, որ այս մեկ ու կես սրճարանի շահույթի հաշվին կատարվի ընթացիկ ծախսերը, քանի որ բոլորս հասկանում ենք, որ ահռելի ծախսեր են լինելու՝ ջրելը, մշակելը և այլն»։

Հանրային քննարկում չի եղել

Արդյոք եղե՞լ է հանրային քննարկում ևս մեկ սննդի կետ կառուցելու համար։

«3 տարի առաջ էլ չէր եղել հանրային քննարկում, քանի որ իմանալով «Տաշիր գրուպին»… Այս դեպքում կոմերցիոն նպատակներ չի հետապնդում, քանի որ շատ մեծ կազմակերպություն է։ Այս դեպքում ավելի շատ բարեգործական է։ Մոտ 15 միլիոն դոլար է այստեղ ծախսվել, բոլորս էլ հասկանում ենք, որ այդ փոքրիկ սրճարանը չի կարող հետ վերադարձ ապահովել։ Կոմերցիոն նպատակ այստեղ չկա։ Բացի դրանից, ամեն դեպքում այս մասշտաբի այգում ցանկացած դեպքում ջրի և հանրային սննդի կետ պետք է լինի․ չի կարելի այգի կառուցել առանց դրանց», ֊ ասել է Ադամյանը։

Քանի որ «Տաշիր գրուպ» ընկերությանն է պատկանում «Տաշիր պիցցա» ցանցը, լուրեր էին տարածվել, որ «Մալիբու» սրճարանի տարածքում լինելու է հենց այդ ցանցի կետերից մեկը։

Ադամյանը հավաստիացրել է, որ թե՛ նախկին «Մալիբու» սրճարանի տեղը կառուցված սրճարանը, թե՛ սննդի մյուս կետը տրվելու են վարձակալական հիմունքներով․ «2-րդ սննդի կետը չի լինելու «Տաշիր պիցցա», քանի որ իր ֆորմատով չի համապատասխանում «Տաշիր պիցցայի» ֆորմատին»։

Երևանի քաղաքապետարանի կայքի համաձայն, պուրակում նախկինում եղած ամֆիթատրոնը պետք է վերակառուցվեր, սակայն դրա տեղը այժմ արդեն սննդի կետ է կառուցվում։ Մեր հարցին, թե փաստորեն քաղաքապետարանն ի սկզբանե այլ նախագիծ է հաստատել, որի մեջ ներառված է եղել ամֆիթատրոնը, իսկ այժմ այն գոյություն չունի, Ադամյանը պատասխանել է, թե ցանկացած շինարարության ժամանակ կատարվում են փոփոխություններ՝ նպատակահարմարությունից ելնելով։

«Մի քանի անգամ նախագծի փոփոխություն է եղել։ Երբ շատրվանների ծավալը մեծացավ, էս որակի շատրվաններ կառուցվեց, դրա հետ կապված ամֆիթատրոնն արդեն չէր տեղավորվի, շատրվաների վրա մարդիկ չէին կարող կանգնեին և նայեին ամֆիթատրոնին, տեղի հետ խնդիր կար»։

Նա նշել է, որ մինչև բարեկարգումը պուրակում եղել է 4800 քմ կանաչ տարածք, բարեկարգումից հետո դարձել է 6350 քմ։ Նա նշել է, որ եռապատկվել է ծառերի քանակը և այլն։ Ադամյանը նշել է, որ ոչ մի կանաչ ծառ չի հատվել։

Չնայած նրա հավաստիացմանը, թե ծառեր չեն հատվել, դեռևս անցած տարվա մայիսին Hetq.am֊ը նյութ էր հրապարակել, որտեղ նշված էր, թե այնտեղ փարթամ ծառեր են հատվում։ Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից կայքին հայտնել էին, որ Բնապահպանության վարչությունը պարզել է, թե ծառահատումն իրականացվել է առանց համապատասխան թույլտվության, այդ իսկ պատճառով գործն ուսումնասիրվում է իրավապահների կողմից:

Հ․ Գ․ Սոֆյա Մանուկյանն ավելի վաղ ժամկետների և սննդի կետի վերաբերյալ դիմել էր քաղաքապետարան։ Նրա խոսքով՝ պատասխանում հղում են արել քաղաքապետարանի կայքում դրված մամլո հաղորդագրության վրա։ Ինչ վերաբերում է սննդի կետին, ապա, Մանուկյանի խոսքով, փափուկ բարձ են դնում՝ այո, այստեղ լինելու է կանաչ պուրակ։