Գլխավոր / Բնապահպանություն / «Լիդիանի» «անկախ խորհրդատուները» բնապահպանական ռիսկերին վերաբերող խորհուրդներ չեն տալիս

«Լիդիանի» «անկախ խորհրդատուները» բնապահպանական ռիսկերին վերաբերող խորհուրդներ չեն տալիս

«Լիդիան Արմենիա» ընկերության նախաձեռնած «Անկախ խորհրդատվական խումբն» այսօր հրապարակել է Ամուլսարում ոսկու կորզման ծրագրին վերաբերող իր ուսումնասիրության՝ մեծամասամբ դրական եզրակացությունը։ «Լիդիան Արմենիան» նպատակ ունի սկսել հանքի շահագործումն այս տարվա ընթացքում։ Զեկույցի հրապարակման ժամանակ բնապահպաններն ակցիա են իրականացրել՝ դատապարտելով «Լիդիանի» գործողությունների լեգիտիմացումը։

«Անկախ խորհրդատվական խումբն» աշխատել է մոտ մեկ տարի և բացահայտել է, որ Հայաստանում կան մտահոգություններ, մասնավորապես, հանքի՝ ջրային ռեսուրսների վրա հավանական վատ հետևանքների շուրջ։ Այդ մտահոգությունները, ըստ խմբի, Հայաստանում այլ՝ ոչ պատասխանատու հանքաարդյունաբերողների փորձի վրա են հիմնված, իսկ «Լիդիանի» տեխնոլոգիաները ժամանակակից են։ «Լիդիանը», ըստ փորձագետների, կարող է կանխել թթվային դրենաժի առաջացումը (ինչը մեծագույն մտահոգություններից է) գոնե կորզման ներկա ծավալների դեպքում։

«Անկախ խորհրդատվական խումբի» առաջարկությունները հիմնականում վերաբերվել են ծրագրի կենսաբազմազանության ուսումնասիրությանը, համայնքների հետ կապը պապհանելուն, աշխատողներին առողջական ապահովագրություն տալու, կապալառու ընկերություններին ավելի զգույշ ընտրելուն։

Epress.am֊ի հարցին, թե բնապահպանական ռիսկերը կառավարելուն ուղղված որևէ խորհրդատվություն իրենք արե՞լ են, խմբի նախագահ Ջոն Հարքերը պատասխանել է․ «Այո, 19 առաջարկություններ ենք արել, բոլորը հիմա չեմ հիշի։ Բայց, օրինակ, փոշու մասին ասել են։ Մենք հորդորել ենք ընկերությանը փոշու ավելի լավ կառավարում անել։ Իհարկե, մենք անդրադարձել ենք բնական միջավայրին, ոչ միայն մարդկանց տեսանկյունից, այլև միջավայրին, որն անհրաժեշտ է կենդանական և բուսական աշխարհին, օրինակ՝ գորշ արջի վերաբերյալ»։

Խմբի անդամ Ջոն Հոբսն ավելացրել է, որ իրենք մանրամասն առաջարկություններ չեն անում, այլ ծրագիրը համեմատում միջազգային լավագույն փորձի հետ։

«Մենք փորձում ենք մնալ ռազմավարական մակարդակի վրա։ «Լիդիանը» կարիք չունի մեր աուդիտի, նրանց խիստ աուդիտ կանեն մարդիկ, ովքեր ներդրում են ծրագրի մեջ։ Մենք փորձում ենք համեմատել ծրագիրը լավագույն փորձի հետ (banchmarking), ինչ է կատարվում միջազգային ստանդարտներում, ինչ է կատարվում այլ հանքավայրերի շուրջ ապրող բնակչության հետ։ Եթե դուք փնտրում եք մանրամասներ, այո, մենք ուսումնասիրում ենք բնապահպանական, սոցիալական զեկույցները։ Բայց մեր առաջարկություններն այդ աստիճանի մանրամասն չեն, եթե դա եք հարցնում»,֊ ասել է նա։

Հիշեցնենք, որ երեկ հրապարակվել է մեկ այլ միջազգային փորձագետների խմբի զեկույց, որը քննադատել է «Լիդիանի»՝ ոսկու կորզման բուն պրոցեսի բնապահպանական ռիսկերը կառավարելու պլանը։ Այդ փորձագետները առաջարկել են, օրինակ, հանքի ջրերի ակտիվ եղանակով մաքրման կայանի կառուցում, որը կգործի հանքի շահագործման նախորդ օրվանից մինչև փակում։ Իսկ «Լիդիանի» ներկա ծրագրով նախատեսվում է ջրի մաքրման աշխատանքներ կատարել հանքի շահագործման 5-րդ տարուց հետո միայն։ Ուստի հանքի շահագործումը, ըստ եզրակացության, կառաջացնի ստորերկրյա ջրերի, աղբյուրների, Սպանդարյան-Կեչուտ թունելի ջրի, Կեչուտի ջրամբարի ջրերի աղտոտում։

Այս երկրորդ փորձագիտական խմբի զեկույցը «Անկախ խորհրդատվական խմբի» այսօր կազմակերպած քննարկման ժամանակ ամբողջությամբ ընթերցել են բնապահպան ակտիվիստները, ովքեր անակնկալ բողոքի ակցիա են արել՝ դատապարտելով «անկախ» խմբի կողմից «Լիդիանի» գործողությունների լեգիտիմացումը։

«Հանքի շահագործման ընթացքում և հանքի փակումից հետո հանքի տարածքից (դատարկ ապարներ, ցիանիդային կույտային տարրալվացման հարթակ, բացահանքի խոռոչներ) ինչ ուղղություններով և դեպի որ ջրային պաշարներ են հոսելու աղտոտված ջրերը։ Դատարկ ապարներից առաջացած աղտոտիչները հոսելու և լցվելու են Կեչուտի ջրամբար և Արփա գետ։ Ցիանիդային կույտային տարրալվացման հարթակը (որտեղ տեղադրվելու է հանքաքարն ու մնալու այնտեղ փակման ընթացքում) մասնակիորեն ծածկելու է Արփա գետի վտակներից մեկը, իսկ աղտոտիչները ակնկալվում է, որ կհոսեն դեպի Արփա գետ ստորերկրյա ջրային ուղիներով(..) Լիդիանի լավատեսական ենթադրություններն առաջ են բերում այնպիսի բնապահպանական ու տնտեսական խոցելիություններ, որոնք ահռելի ռիսկի տակ են դնում հանքի շահագործման ֆինանսական կենսունակությունն ու բնական միջավայրի առողջությունը։ Ֆինանսական խղճուկ ու անբավարար երաշխիքը (միայն 34 միլիոն ԱՄՆ դոլար) նման լայնածավալ, բարձր ռիսկեր պարունակող հանքարդյունաբերական ծրագրի համար, որը պետք է իրականացնի փորձառություն չունեցող, ֆինանսապես անապահով հանքարդյունաբերական ընկերությունը՝ առաջացնում է ռիսկ, որ ընկերությունը ծրագրից վաղաժամ կհրաժարվի ու ֆինասնական և բնապահպանական բոլոր պարտավորությունները կփոխանցի միջազգային վարկատուներին ու Հայաստանի ժողովրդին»,֊անգլերենով ահազանգել է բնապահպաններից Հասմիկը և ավելացրել․ «Այս հանքը ապահով անելու ձև չկա»։

Բնապահպան Անի Խաչատրյանը իր հետ բերել էր մի շիշ թթվային դրենաժով ջուր՝ վերցված բնությանը վնասած մեկ այլ հանքի պոչամբարից։ «Էս շշի մեջ էն ջուրն է, որն օրինակ է թթվային դրենաժի, ինչը սպասվում է Ամուլսարում։ «Լիդիանը» չի կարող սա կառավարի, քանի որ ինքը անփորձ կազմակերպություն է։ Իր ամբողջ միֆերը հիմնված են փողով պետական մարմիններին առնելու և իր թերի հետազոտությունների հիման վրա»,֊ասել է նա։