Գլխավոր / Բնապահպանություն / Տարիների հակասություններ․ ինչպես է քաղաքապետարանը «բարեկարգում» Մաշտոցի պողոտային հարակից պուրակը

Տարիների հակասություններ․ ինչպես է քաղաքապետարանը «բարեկարգում» Մաշտոցի պողոտային հարակից պուրակը

Երևանի քաղաքապետարանի Youtube֊յան ալիքում տարբեր տարիներին անդրադարձ է կատարվել Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց հատավածում գտնվող պուրակին։ Այսօր նշվում է, որ պուրակի հետնամասում սննդի կետ է լինելու, մինչդեռ տարիների ընթացքում Քաղաքապետարանի պաշտոնյաները նախ հավաստիացնում էին, որ այդ վայրում պահպանվելու նախկին ամֆիթատրոնը, ապա պնդում էին, որ ջրավազան է կառուցվելու։

Պուրակը 2012 թվականին

Դեռևս 2012 թվականի հուլիսի 28-ին Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է Երևանի տարբեր հատվածներում գոյություն ունեցող շատրվանների մասին․ «Երկարատև լռությունից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շատրվանների վերագործարկման համար գործնական քայլեր կատարվեցին…

…Հերթը հասավ նաև Գլխավոր Պողոտայի Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց հատվածում գտնվող այգու շատրվաններին։ Վերագործարկման նպատակով ոչ միայն փոխվել են ջրավազանի եզրաքարերը, այլ նաև խողովակաշարերը, կարգի է բերվել նաև հարակից կանաչ գոտին», — նշվում է տեսանյութում, որի հեղինակներն ընդգծում են նաև, որ բոլոր շատրվանները աշխատում են։ Քաղաքապետի հանձնարարականի շրջանակներում էլ այգում պետք է տեղադրվեին նոր նստարաններ։ Փաստորեն, քաղաքի բյուջեից բարեկարգման համար գումար է ծախսվել։

Այս պուրակի բարեկարգմամբ նույն թվականին զբաղվել է նաև Հայաստանի նոտարական պալատը։ Հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել պուրակի բացումը։ Բացման ժամանակ կարմիր գորգ է փռվել պուրակի երկայնքով մեկ։ Փուչիկներով, Հայաստանի և Ռուսաստանի դրոշներով է զարդարված եղել պուրակն այդ օրը։ Տեղադրվել է պալատի տարբերանշանով նստարաններ: Պուրակում ծառեր են տնկել այն ժամանակվա Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ Նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանը և ՌԴ Նոտարական պալատի նախագահ Մարիա Սազոնովան։ Նշվել էր, որ պուրակը մշտապես լինելու է նոտարական պալատի հսկողության ներքո։

3 տարի անց, սակայն, պուրակը Քաղաքապետարանի համար հանկարծ դարձավ «մաշված և հնացած»։

Երևանի քաղաքապետարանի 2015 թվականի մայիսի 16-ի ծրագրում, խոսելով պուրակի մասին, քաղաքապետի օգնական Դավիթ Օհանյանը նշում է, որ այգին կառուցված է 70-ական թվականներին և արդեն մաշված ու հնացած է, կարիք կա այն վերակառուցելու և արդիականացնելու։ Նա ընդգծում է, որ այգին վերակառուցվելու է «Տաշիր գրուպի» կողմից։

«Տասնամյակներ իր նպատակային նշանակությունը կորցրած հանգստի գոտին ամբողջությամբ վերակառուցվում է», -նշվում է հաղորդման մեջ։ Դրանից երեք տարի առաջ, փաստորեն, քաղաքապետարանը, գումար ծախսելով պուրակի վերանորոգման համար, չգիտեր, որ այն «տանսամյակներ կորցրել է իր նպատակային նշանակությունը»։

2016 թվականի հուլիսին պուրակ է այցելում Տարոն Մարգարյանը, որը, շրջայց կատարելով, փաստում է, որ պուրակը մինչև վերանորոգման մեկնարկը գտնվել է անմխիթար վիճակում։ Նաև նշվում է, որ նախագծի համաձայն, միջոցառումներ կազմակերպելու համար այգում կկառուցվի ամֆիթատրոն։

Դրանից մեկ ամիս անց՝ օգոստոսի 20-ին, սակայն, քաղաքապետի օգնական Դավիթ Օհանյանը նշում է, որ նախագիծը փոփոխվել է․ «Այգու վերջնամասում, եթե հիշում եք, նախկին ամֆիթատրոն էր։ Նախնական նախագծում նախատեսված էր վերակառուցել այդ ամֆիթատրոնը։ Ներդնող «Տաշիր» ընկերության կողմից եղավ առաջարկ, որ վերջնամասում ամֆիթատրոնի փոխարեն նորից մեծ ջրավազան կառուցվի, որը կունենա նաև նստատեղեր։ Այսինքն՝ փորձում ենք համատեղել ամֆիթատրոնը և ջրավազանը։ Ասեմ, որ դա գումարային առումով ավելի մեծ ծախս էր պահանջում, բայց քանի որ ներդնող ընկերության կողմից եղավ այդ առաջարկը, մենք նախագծի մեջ փոփոխություն կատարեցինք»։

2018 թվականին արդեն ամֆիթատրոնի տեղում կառուցվում է սննդի կետ, որը տրվելու է վարձակալությամբ։ Այդ մասին Epress.am֊ը մանրամասն գրել է՝ այստեղ։