Գլխավոր / Մեդիա / Տարոն Մարգարյանը փակ հանդիպմանը խոսել է իրեն սպառնացող վտանգների մասին․ «ՀԺ»

Տարոն Մարգարյանը փակ հանդիպմանը խոսել է իրեն սպառնացող վտանգների մասին․ «ՀԺ»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն օրեր առաջ քաղաքապետարանում հանդիպման է հրավիրել ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներին։ «Հայկական ժամանակ» օրաթերթի տրամադրության տակ է հայտնվել հանդիպման ձայնագրությունը, որից պարզ է դառնում, որ Մարգարյանը խոսել է իր պաշտոնանկությանը հասնելու հնարավոր տարբերակներից և վստահեցրել, որ պատրաստվում է ամեն գնով պայքարել իր պաշտոնի համար։

Հանդիպման ընթացքում Մարգարյանն անդրադարձել է հրաժարականի մասին ստացած «սիգնալներին»․ «Որոշակի սիգնալներ արդեն ստացել ենք։ Մենք էլ սիգնալներ ենք ուղարկել, որ դա բացառեք ու մոռացեք, դա չի կարող լինել», ֊ մասնավորապես, ավագանու ՀՀԿ անդամներին ասել է քաղաքապետը։

Նա թվարկել է այն հնարավորությունները, որոնք կարող են օգտագործվել իր պաշտոնանկության համար․ «Առաջինը՝ ժողովուրդ հանեն մեր դեմ, փորձեն վարկաբեկել ինձ, ավագանու անդամներին, մեր աշխատակազմին, մեր կատարած աշխատանքը։ Երկրորդ՝ հունիսի 12֊ին լրանում է իմ քաղաքապետ ընտրվելու մեկ տարին։ Մեկ երրորդով օրակարգ բերեն անվստահություն և իրենց քաղաքապետի թեկնածուն…

…Փակ քվեարկությունով պիտի փորձեն իրենք իրենց խնդիրները լուծել՝ ճնշումներ գործադրելով։ Բայց իրենք 1/3 չունեն, սա պետք է մենք հաշվի առնենք։ Եթե ավագանու մեր անդամներից 3 հոգի չստորագրի այդ փաստաթղթի տակ, իրենք 1/3֊ի տարբերակից ուղղակի չեն կարող օգտվել։ Ես ինչի՞ համար էի ուզում, որ բոլորը ներկա լինեն, որ ես հասկանամ, եթե մարդիկ ճնշումներին չեն դիմանալու։ Քվեարկության ժամանակ իրենց պետք կլինի ևս 11 ձայն։ Այսինքն՝ իրենց անհրաժեշտ է 14 հոգի ավագանու անդամ, որ ինձ դեմ քվեարկի, քվեարկի իրենց ներկայացրած թեկնածուին, ինչը, անկեղծ ասած, մի քիչ ֆանտազիա է, չեմ հավատում, որովհետև ես մեր թիմակիցներից ոչ մեկի վրա չեմ էլ ուզում մի վայրկյան կասկածել։ Բայց ուզում եմ ռիսկերն ու վտանգներն ասել, որ մարդիկ իմանան՝ ինչ ռիսկերի և վտանգների մեջ են ընկնելու։ Մեր խնդիրը հիմա 3 հոգու խնդիրն է, որ մեզանից, մեր 46֊ից 3֊ը չստորագրի այդ նախաձեռնության տակ։ Մենք էդ կամքի ուժն ունե՞նք, որ պահենք, չստորագրեն։ Ճնշումները լինելու են շատ մեծ, շահագրգռելու են ամեն ինչով, փորձելու են ընտանիքի անդամներ, փորձելու են բարեկամներ, ով պետական համակարգում աշխատում է կամ ժամանակին ինչ֊որ ծառայություններ է մատուցել…

…Մենք պատրա՞ստ ենք մեզ ձիգ պահել, և այս 3 հոգին չհայտնվի։ Եթե այս 3 հոգին հայտնվում են, մեզ մոտ մոտեցումն այլ է դառնում։ Բայց եթե այս 3 հոգին չի հայտնվում, երկրորդ տարբերակն իրենց մոտ վերանում է»։

Ըստ Մարգարյանի` 3-րդ տարբերակը քաղաքապետարանում ստուգումներ անցկացնելն է՝ իրավապահ և տեսչական մարմիններով, և քրգործեր հարուցելու փորձերն է։ 4֊րդ տարբերակը՝ եթե ՀՀԿ֊ի և վարչապետի թիմի միջև քաղաքական պայմանավորվածություն լինի գնալ ավագանու լուծարման և նոր ընտրությունների անցկացման։

«Հիմա առաջին տարբերակը՝ ես պատրաստ եմ բոլոր ճնշումներին՝ վարկաբեկման, մյուս, մյուս, մյուս։ Երկրորդ տարբերակ․ եթե մեր մեջ դավաճաններ պիտի հայտնվեն, շատ ծանր կտանեմ, բայց պատրաստ եմ պայքարել մինչև վերջ և բացահայտել բոլոր դավաճաններին։ Երրորդ տարբերակ՝ քրեական գործեր։ Ուզում եմ վստահեցնել ձեզ և ասել, որ ուզում են օրը 24 ժամ, տարին 12 ամիս, 5 տարի շարունակ քաղաքապետարանը ստուգեն, եթե մեղավորներ կան, թող պատժեն, բայց ես համոզված եմ, որ քաղաքապետարանն այնպես է աշխատանքը կազմակերպել թե՛ իրավական, թե՛ ֆինանսական, թե՛ մեր որոշումների մեջ, որ մենք մեզ մեղավոր չենք համարում, որովհետև մենք երբևիցե այնպիսի որոշում չենք կայացրել, որ վաղը մեր տակը ռումբ պետք է դնեն, որ երբ ուզենան, տրաքացնեն», ֊ ասել է նա։

Մարգարյանը նաև հայտարարել է, որ եթե պետք է իր նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվի, «քաղաքական մոտեցումով փորձեն մեզ կալանավորել, ապա խնդրեմ, էսօր էլ կարող են գալ, տանել». «Մեր ցեղում դա նորմալ է, պապիս էլ են տարել, հորս էլ են տարել, ես էլ պատրաստ եմ, համոզված եմ, հետագայում էլ տղերքս»։

Նշենք, որ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման դեմ վերջին շրջանում մի շարք ակցիաներ են անցկացվել։ Մի խումբ քաղաքացիներ և հասարակական կազմակերպություններ պահանջել են նրա հրաժարականը և հայտարարել, որ քաղաքապետի պաշտոնում տեսնում են Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանին։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում