Home / Բնապահպանություն / Բուսաբանական այգում հարսանիքներ են անցկացվելու․ պարզաբանում է տնօրինությունը

Բուսաբանական այգում հարսանիքներ են անցկացվելու․ պարզաբանում է տնօրինությունը

ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի ենթակայության տակ գտնվող Բուսաբանական այգու վարչական տարածքի մի հատվածում անցկացվելու են հարսանյաց հանդիսություններ։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է ինստիտուտի աշխատակիցներից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ։

ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրենի օգնականը մեզ հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ վարձակալության գումարներն ուղղվելու են այգու բարեկարգմանը։

«Այդ տարածքում մի քանի ամսով վրանային սրահ է բացվում, տարբեր մշակութային միջոցառումներ կազմակերպելու նպատակով։ Դա մի քանի ամսից հետո հանվելու է։ Այդ տարածքում ծառեր չեն եղել։ Եղել է տարածք, որը 2013 թվականին փորձարարական տնկիներ ենք տնկել, որոնք աճեցվել են և հետո տնկվել Հայաստանի տարբեր անտառներում»,֊ ասել է տնօրենի օգնականը։

Նա նշել է, որ վարձակալության արդյունքում գոյացած գումարն ուղղվելու է այգում բանվորներ պահելուն և խնամքի աշխատանքները կազմակերպելու համար։

Բուսաբանության ինստիտուտից մեր զրուցակիցը, սակայն, կարծիք հայտնեց, որ աշխատակիցներից շատերը վստահ չեն, թե վարձակալության արդյունքում գոյացած գումարներն ուղղվելու են այգու բարեկարգմանը։ Բացի դա, նրանք նաև համաձայն չեն, որ այգու տարածքն առհասարակ վարձակալությամբ տրվի։

«Եթե հիմա հարսանիքներ անեն, հետո էլ մյուսները նույն օրինակով կգան ռեստորան կբացեն, կամ քյաբաբ, խորովածի կետ։ Սա անթույլատրելի է։ Հեղափոխությունն էլ եղավ, տնօրենը մնաց նույնը»,֊ ասել է մեր զրուցակիցը։