Գլխավոր / Բանտ / 5 ցմահական վարչապետին և նախարարին խնդրել են անդրադառնալ իրենց խնդրին

5 ցմահական վարչապետին և նախարարին խնդրել են անդրադառնալ իրենց խնդրին

Ցմահ ազատազրկման դատապարտված 5 քաղաքացի բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ խնդրելով «վերացնել հին ռեժիմի՝ ոչ մի ցմահականի ազատ չարձակելու անմարդկային դոկտրինը»։

Մայիսի 17֊ին գրված նամակը ԶԼՄ֊ներին ուղարկվել է այսօր՝ մայիսի 24-ին։

Իրենց նամակում ցմահականները հատկապես կարևորել են վաղաժամկետ պայմանական ազատման բացառման խնդիրը՝ նշելով, որ Եվրոպայում Հայաստանի Հանրապետությունը բնակչության քանակի համեմատ ցմահականների ամենաբարձր ցուցանիշն ունի։

«Վաղաժամկետ պայմանական ազատ արձակման համակարգն ունի մի առանձնահատկություն. եթե սույն համակարգը սուբյեկտիվ ու ոչ համաչափ է գործում բոլոր դատապարտյալների համար, ապա ցմահ ազատազրկյալների դեպքում այն պարզապես չի գործում։ «Ցմահ ազատազրկում» պատժատեսակը, ըստ էության, վերածվել է «մահապատիժ ազատազրկման միջոցով» պատժատեսակի և մինչ օրս արդեն իսկ բանտում իրենց մահկանացուն են կնքել 26 ցմահականներ», ֊ ասված է նամակում։

Դատապարտյալներն ուշադրություն են հրավիրում նաև Քրեական օրենսգրքի 76րդ հոդվածի 1.1 և 1.2 կետերին, որոնց համաձայն գոյություն ունեն 17 ցուցանիշեր, որոնց հիման վրա դատարանը պետք է որոշում կայացնի դատապարտյալի ազատ արձակման կամ պայմանական ազատությունը մերժելու վերաբերյալ․ «Սակայն, իրականում հաշվի է առնվում բացառապես դրանցից երկուսը՝ տույժի առկայությունն ու խրախուսանքի բացակայությունը։ Ցմահականները հայտնվում են «անկախ» հանձնաժողովի առաջ, որտեղ նրանց 20 ու ավելի տարիների պահվածքի վերաբերյալ քննարկումը տևում է 2-ից 5 րոպե։ Այն ցմահականները, ովքեր դատարանում կես ժամ տևող նիստում բողոքարկում են այդ որոշումը, նույնպես մերժման են արժանանում: Ամեն ինչ ձևական է»։

Նամակի հեղինկաները պնդում են, որ «ցմահականների» խնդիրը քաղաքական է։

«Մենք արդեն չենք կարող չեզրակացնել, որ ցմահականներից ոչ մեկին ազատ չարձակելու անմարդկային «դոկտրինը» անցած ռեժիմի հիմքերից մեկն էր հանդիսանում։ Այդ «դոկտրինը» ուժի մեջ է մինչև հիմա։ Այն տեսել ենք ամրապնդված` նախագահական ապարատի, գլխավոր դատախազի և գերագույն դատարանի նախագահի համատեղ ջանքերով։ ՀՀ Արդարադատության նախարարությունն ու Մարդու Իրավունքների պաշտպանը լուռ մեղսակիցներն են եղել այս իրավիճակի։ Իսկ ՔԿ համակարգը, ցմահականների նկատմամբ մերժման որոշումներ կայացնելը հեշտացնելու համար,  շարունակ ուռճացրել է տույժերը և բացառել խրախուսանքները։ Մի խոսքով՝ վաղաժամկետ պայմանական ազատման համակարգը բացառապես քաղաքական պատճառներով է, որ չի գործել ցմահականների պարագայում»,֊ նշված է նամակում։

Նամակի հեղինակներն են․

Արծրունի Արսեն (25 տարի բանտում)

Գրիգորյան Ստեփան (23տ)

Մանուկյան Աշոտ (23տ)

Մկրտչյան Արթուր (23տ)

Մնջոյան Արմենակ (25տ)