Home / Կրթություն / ԵՊՀ֊ի դասախոսներին և ուսանողներին կոչ են անում գործադուլ ու դասադուլ սկսել

ԵՊՀ֊ի դասախոսներին և ուսանողներին կոչ են անում գործադուլ ու դասադուլ սկսել

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը կոչ է անում Երևանի պետական համալսարանի դասախոսներին, աշխատակազմի ներկայացուցիչներին և ուսանողներին մայիսի 29-ին, ժամը 11։00-ից գործադուլ և դասադուլ սկսել։

«Հաշվի առնելով Մայր բուհ-ի բազմաթիվ խնդիրները՝ կրթության ցածր որակ, կենցաղային ոչ արժանապատիվ պայմաններ, ֆինանսների անարդյունավետ օգտագործում, ակադեմիական միջավայրի բացակայություն, դասախոսների և ուսանողների հետապնդումները քաղաքական հայացքների համար, բուհ-ի և նրա մի շարք կառույցների կուսակցականացվածությունը,

Հաշվի առնելով բազմաթիվ ուսանողների և դասախոսների բողոքները,

Հաշվի առնելով համալսարանում ուսանողների և դասախոսների շահերը պաշտպանող երկու կառույցների՝ ՈՒԽ-ների և արհմիության գործունեության ցածր արդյունավետությունը՝
ԵՊՀ Ռեստարտ նախաձեռնությունը կոչ է անում երեքշաբթի օրը՝ ժամը 11:00-ին, ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին սկսել դասադուլ և գործադուլ հետևյալ պահաջներով:

1. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարական
2. Հոգաբարձուների խորհրդի լուծարում
3. Ֆինանսական աուդիտի անցկացում
4. ՈՒԽ-ի և արհիմիության գործունեության կասեցում:

Հայաստանում տեղի է ունեցել Թավշյա հեղափոխություն, Հայաստանում տեղի է ունեցել մշակույթի և մտքի հեղափոխություն, և ԵՊՀ-ում տիրող և՛ մթնոլորտը, և՛ իրավիճակը չեն համապատասխանում հեղափոխության հռչակած սկզբունքներին և արժեքներին:
Համապատասխանեցումը շատ արագ պետք է իրականացվի», ֊ տարածած հայտարարության մեջ նշել է նախաձեռնությունը: