Գլխավոր / Առողջապահություն / ՀՀԿ֊ն չի պատրաստվում դիրքերը զիջել թիվ 16 պոլիկլինիկայում

ՀՀԿ֊ն չի պատրաստվում դիրքերը զիջել թիվ 16 պոլիկլինիկայում

Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի մի քանի տասնյակ աշխատակիցներ, չնայած նրան, որ իրենց բողոքի հիման վրա օրեր առաջ ազատվել է ՀՀԿ-ական տնօրեն Մարինա Ստեփանյանը, այսօր՝ մայիսի 29-ին, գործադուլ են հայտարարել և հավաքվել հիվանդանոցի բակում։ Նրանք դժգոհ են քաղաքապետարանի կողմից այսօր նշանակված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարից (նույն կլինիկայի սոնոգրաֆիստն է) և պահանջում են, որ տնօրենի պաշտոնում նշականկվի պոլիկլինիկայի փոխտնօրենը։

Պոլիկլինիկայի աշխատողներն օրեր առաջ նամակ էին հղել Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամներին՝ բողոքելով ներսում տիրող բարքերից։ Աշխատակիցները ահազանգել էին, որ տնօրինությունն առանց հիմնավոր պատճառի կրճատել է իրենց աշխատավարձերը, նոր աշխատողներն ընդունվում են տնօրենին գումար մուծելու միջոցով, բացի դա՝ աշխատակիցների մի մասը տարիներով արձակուրդ չի գնացել, իսկ գնալու դեպքում էլ իրենց հաշվին են վերցրել։

Խմբակցության անդամները այցելել էին պոլիկլինիկա, տեղում ծանոթանալով հիմնարկի աշխատակազմի հաստիքացուցակին, անճշտություններ էին հայտնաբերել։ Մասնավորապես, եղել են անձինք, որ միանգամից երկու հաստիքով են աշխատել։ Գրանցված աշխատակիցներ են եղել, որոնք իրականում չեն աշխատել։

Մայիսի 26-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հայտնել էր, որ քննչական խումբն աշխատում է ահազանգի հետքերով։ Նյութեր են հավաքագրվում քրեական գործ հարուցելու համար։ Այդ ընթացքում տնօրեն Մարինա Ստեփանյանը ազատվել էր աշխատանքից։

Այսօր առավոտվանից պոլիկլինիկայի մի շարք աշխատողներ հավաքվել են հիվանդանոցի բակում։ Ինչպես հայտնում է Epress.am-ի թղթակիցը՝ նրանք նշել են, որ չեն պատրստվում գնալ աշխատանքի, մինչև չփոխեն նոր տնօրենին։

Մեզ հետ զրույցում Դավիթ Խաժակյանը նշել է, որ քաղաքապետարանն այսօր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել սոնոգրաֆիստին, սակայն անունը իրեն հայտնի չէ։ Նա նշել է, որ առանձին գործընթաց է գնում նաև մրցութային կարգով տնօրենի նշանակման մասով։

Աշխատակիցները Խաժակյանի հետ զրույցում հայտնել են, որ իրենց թեկնածուի նշանակումն ինքնանպատակ չէ, այլ նա լավագույնս տիրապետում է թե՛ վարչական գործին, թե՛ պրոֆեսիոնալ է մասնագիտական առումով։ Նրանք պնդել են, որ եթե սոնոգրաֆիստը նշանակվի, նախկինում տիրող իրավիճակը չի փոխվի։

«Իրենց թեկնածուին նշանակելու խնդրանքով նրանք դիմել էին քաղաքապետարան, այնտեղ ասել էին՝ դիմումը հաշվի կառնեն։ Սակայն այսօր առողջապահության վարչության պետը այցելել է պոլիկլինիկա և տեղակացրել, որ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում սոնոգրաֆիստը»։ Խաժակյանի փոխանցմամբ՝ բուժաշխատողներն իրեն տեղեկացրել են քաղաքապետարանի աշխատակիցների խոսքերը․ «Այսպես ասած, մեր մարդը պիտի լինի»։

«Հասկանալի է, որ այդ մրցույթում հաղթող պոտենցիալ թեկնածուն քաղաքապետարանի կողմից նշնակված ժամանակավոր պաշտոնակատարն է», — ասել է Խաժակյանը։