Home / Բանտ / Դատարանը փորձում է սեպ խրել Սեֆիլյանի աջակիցների և նոր Կառավարության միջև․ դատը հետաձգելու մասին

Դատարանը փորձում է սեպ խրել Սեֆիլյանի աջակիցների և նոր Կառավարության միջև․ դատը հետաձգելու մասին

Վերաքննիչ դատարանը հետաձգել է «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության առաջնորդ, ղարաբաղյան պատերազմի մասնակից Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով երկրորդ նիստը։ Այսօր դատարանում ներկա Սեֆիլյանի մոտ 200 աջակիցներ՝ դատարանի հիմնավորումը, թե պատճառը Ոստիկանության կողմից ամբաստանյալներին դատարան չբերելն է, պատրվակ են համարել և որոշել են մնալ դատարանի շենքում։
Նշենք, որ աջակիցները սպասում էին, թե դատարանը պետք է կարծիք հայտնի Սեֆիլյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությանը։

«Իրենք այսօր փորձեցին իրենց այս արարքով մեր և այսօրվա իշխանությունների միջև սադրանք առաջացնեն և նույնիսկ սաբոտաժ անեն Նիկոլին։ Դա չպիտի ստացվի։ Ժողովուրդ, մենք մնում ենք մեկ մարմին, համագործակցելու ենք մինչև վերջ»,֊ ասել է Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը։

Նիստը դատարանը նշանակել է հունիսի 6֊ին։ Սեֆիլյանի աջակիցները սպասել են դատարանի ներսում, որպեսզի Ոստիկանությունը ներկայցնի՝ արդյոք ինքն է թերացել Սեֆիլյանին և մյուսներին դատական նիստին բերելու հարցում։

Սեֆիլյանի նիստին եկել էր նաև մայիսի 24-ին գրավի դիմաց ազատ արձակված քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանը։

«Սա ամենապրիմիտիվ, էժանագին, ցինիկ մոտեցումն է՝ ինչ է նշանակում՝ոստիկանները չեն բերել։ Սա մաքուր մանկապարտեզ է։ Բայց իրենք չեն իմանում՝ ինչ անեն։ Հետադիմական ուժերը դեռ հին Հայաստանում են, չեն ուզում մի քայլ անեն մտնեն նոր Հայաստան։ Ցարը հիմա չկա, մենշևիկներն ուզում են հետ գալ, չորս ուժ ունեն՝ դատարան, դատախազություն, քննչական, ԱԺ մեծամասնություն։ Նրանք պայքարելու են, որ Հեղափոխության պտուղը, որ մենք պետք է վայելենք, չենք կարող ստանալ։ Հեղափոխության պտուղն ազատությունն է»,֊ ասել է Եղնուկյանը։

Փաստաբանների հայկական ասոցիացիայի անդամ Կարո Ղազարյանն ասել է, որ անազատության մեջ գտնվող մարդկանց իրենց նիստին չբերելը մարդու իրավունքների կոպիտ խախտում է։

«Անընդունելի է, որ բանտարկյալները չեն կարող տեղափոխվել իրենց խուցերից դատարան այն օրը, որ դատական նիստ է նշանակված։ Այդ մեկը անընդունելի է աշխարհում, զարգացած աշխարհում, իհարկե»,֊ ասել է Ղազարյանը։

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը ապացուցված էր համարել Սեֆիլյանի դեմ մեղադրանքները և դատապարտել նրան 10,5 տարվա ազատազրկման։ Ազատազրկման տարբեր ժամկետներ են տվել նաև նույն գործով անցնող 5 այլ անձանց։

Ըստ մեղադրանքի՝ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը։ Պաշտոնական վարկածի համաձայն, Սեֆիլյանն է կազմակերպել մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ինքը՝ Սեֆիլյանը, նրա աջակիցները և դատապաշտպանները գործը քաղաքական հետապնդում են որակում։