Home / Առողջապահություն / Նախարարները և վարչապետը խոսել են կոռուպցիայի և խախտումների մասին

Նախարարները և վարչապետը խոսել են կոռուպցիայի և խախտումների մասին

«Վերջին տեղեկություններով առողջապահական օլիգարխիան որոշել է հակահարված տալ մեր հակակոռուպցիոն քայլերին` ի դեմս պատվիրված հոդվածների և տարատեսակ ասեկոսների, որոնք պետք է երկրի ղեկավարության մոտ վարկաբեկեն մեզ ու մեզնից ազատվելու առիթ դառնան, որպեսզի նրանք շարունակեն «հանգիստ ապրել»»: Այս մասին մայիսի 29-ի երեկոյան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«ՉԻ՛ ՍՏԱՑՎԵԼՈՒ: Մենք ունենալու ենք նորմալ առողջապահություն, որտեղ ոչ մի բուժհիմնարկ, կրկնում եմ ՈՉ ՄԻ, ԱՐՏՈՆՅԱԼ ՉԷ` անկախ իր սեփականատիրոջ կամ կառավարչի նախկինում կամ ներկայումս զբաղեցրած պաշտոնից կամ բարեկամական կապից:

Հավանաբար կոլեգիալ համեստությունս է թույլ տվել նրանց «թպրտալ»: Երևի սկսեմ արդեն անուններ տալ զանազան ռազմավարական ծրագրեր տապալած և միլիոններ մսխած պաշտոնյաների: Դրա ժամանակն էլ կգա…շուտով…», ֊ գրել է նախարարը՝ չնշելով անուններ։

Երեկ լրագրողների հետ զրույցում իր ոլորտում կոռուպցիայի մասին խոսել էր նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։ Նա ընդգծել էր, որ իր գլխավորած նախարարությունում նշանակվելուց հետո տաբեր բնույթի խախտումներ է հայտնաբերել։ Թանդիլյանն ասել էր, որ խախտումների առումով սերտորեն համագործակցում է ԱԱԾ֊ի հետ, սակայն անուններ չի տա՝ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չխախտելու համար։

Վերջին օրերին իրավապահ մարմինները ստուգումներ են անցկացնում խոշոր ձեռնարկություններում և սուպերմարկետների ցանցերում։ Անդրադառնալով դրան՝ երեկ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ «վենդետաներ չեն լինելու»։ Միևնույն ժամանակ, սակայն, նա ասել է, որ դա չպետք է դիտվի որպես թուլության նշան։

«Վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու։ Եթե որևէ մեկը դա կփորձի մեկնաբանել որպես թուլության նշան, ջախջախիչ հակահարված կստանա», ֊ ասել է Փաշինյանը։ Նա կոչ է արել գործարարներին ստվերից հարկային դաշտ գալ՝ ասելով, որ բոլոր գործարարները, որոնք նախկինում «կոռուպցիոն պարտավորություններ» ունեին, այժմ ազատված են դրանից և միայն պարտավոր են օրինական դաշտում աշխատել։