Home / Ոստիկանություն / Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը ձերբակալվել են Էրեբունիում զանգվածային անկարգությունների գործով

Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը ձերբակալվել են Էրեբունիում զանգվածային անկարգությունների գործով

Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը և ևս 3 անձ։

Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Ավելի վաղ՝ ապրիլի 25-ին, ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ էր ընդունվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում դիմակավորված անձանց կողմից քաղաքացիների վրա հարձակվելու և բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

Քաղաքացին հաղորդում էր ներկայացրել, որ այդ օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում իրենց երթի ժամանակ դիմակավորված անձինք հարձակվել են իր և երթի մասնակից մի շարք քաղաքացիների վրա, քարերով, մահակներով և էլեկտրահարող սարքերով հարվածներ հասցրել, որի հետևանքով երթին մասնակից անձանցից մի քանիսն ստացել են մարմնական վնասվածքներ։ Հիշեցնենք, որ այդ օրերին երթերն անցկացվում էին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով։