Home / Ոստիկանություն / Ոստիկանապետը խոստանում է կրճատել գործընկերների թիվը

Ոստիկանապետը խոստանում է կրճատել գործընկերների թիվը

Ոստիկանների թվի կրճատում անշուշտ լինելու է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝ արձագանքելով հարցին, թե Հայաստանը շատ անգամ անվանել են ոստիկանապետություն։

«Ոստիկանների թվի կրճատում անշուշտ լինելու է, բայց դա պայմանավորված չէ այն գաղափարի հետ, որ ոստիկանապետություն է եղել։ Այդպես չէ։ Ոստիկանների թիվը գաղտնի է, բայց համեմատական կարգով մենք ունենք վիճակագրություն և բազմիցս, և նախորդներն էլ հայտնել են, որ կան Եվրոպական մի շարք զարգացած պետություններ, որոնց ոստիկանների թվաքանակը գերազանցում է մեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության թվաքանակին», – ասել է Օսիպյանը։

Ոստիկանապետի խոսքով՝ նա չի կարող հրապարակել Հայաստանում ոստիկանների թիվը, քանի որ օրենքով այն արգելվում է, իսկ առաջիկայում համակարգից քանի՞ ոստիկան է հեռացվելու, առայժմ հայտնի չէ․ «Դա իմ քմահաճույքը չի, ստեղծվելու են հանձնաժողովներ և հանգամանալից կուսումնասիրվեն բոլոր ստորաբաժանումները»։

Օսիպյանը նշել է, որ հավանական է, որ ոստիկանների աշխատավարձերը բարձրանան 2019-ի հունվարից։ Նա նշել է նաև, որ քայլեր է արել՝ ոստիկանությունում կոռուպցիոն դրսևորումները արմատախիլ անելունն ուղղված։

«Ես վտահորեն հայտարարում եմ, որ այսօր ոստիկանությունում չկան կոռուպցիոն էլեմենտներ։ Կոնկրետ քայլեր եմ ձեռնարկել։ Եվ չեմ բացառում, որ իմ գործընկերներից մեկ կամ երկուսը լինեն, բայց վստահորեն ասում եմ, որ գոյություն չունի։ Եղել են ստորաբաժանումներ, որոնք առնչվել են քաղաքացիների հետ, հիմնական խնդիրը՝ ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներն էին», – ընդգծել է Օսիպյանը։