Home / Հայաստան / Արարատյան բակալավրիատին վերաբերող ուսումնասիրություններ են կատարվելու․ կան խնդրահարույց կետեր

Արարատյան բակալավրիատին վերաբերող ուսումնասիրություններ են կատարվելու․ կան խնդրահարույց կետեր

Կրթության և գիտության նախարարության աուդիտի բաժինն առաջիկայում ուսումնասիրություններ է կատարելու «Այբ» կրթական հիմնադրամի կողմից ստեղծված Արարատյան բակալավրիատ հանրակրթական ծրագրում։ Այս մասին այսօր ԱԺ֊ում 2017 թվականի պետական բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ես խնդրել եմ մեր ԿԳ նախարարության աուդիտի բաժնին ուսումնասիրություններ կատարվել։ Մենք նաև մոնիտորինգ ենք անցկացնելու Արարատյան բակալավրիատում, որտեղ, ըստ աուդիտորական ուսումնասիրություն իրականացրած խմբի, խնդրահարույց կետեր կան։ Ես այս շաբաթվա ընթացքում կուսումնասիրեմ և կհրապարակեմ արդյունքերը»,֊ ասել է Հարությունյանը։

Նախարարի խոսքով՝ «Այբ» դպրոցի անունը նպատակային է շահարկվում․ ««Այբի» անունը շատ է հնչեցվում, դա հնչեցնում է Սերժ Սարգսյանի կրթության գծով նախկին խորհրդական Տեր Մեսրոպ Արամյանը՝ փորձելով սրա մեջ ներքաշել «Այբին», մինչդեռ այն խնդիրները, որոնց մասին ես խոսել եմ կապված են եղել Տեր Մեսրոպ քահանայի քաղաքական գործունեության հետ և կրթության ոլորտում նրա ունեցած բացասական գործունեության, Արարատյան բակալավրիատին հատկացված մեծ գումարների և դրա արդյուքների հետ»։

Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ կրթության ոլոտում տարիներ շարունակ եղել է կոռուպցիոն չարաշահումներ և իրենք պատրաստվում են այդ ամենի վերջը տալ։ Խոսելով 2017֊ին Կրթության և Գիտության նախարարությանը հատկածված բյուջեին մասին Արայիկ Հարությունյանը նշել է, որ այն կազմել է 124,4 միլիարդ դրամ և ապահովել ծրագրի 96.6 տոկոս կատարողական։