Գլխավոր / Բանտ / Սեֆիլյանը ցանկացավ բանտում մնալ․ Փաշինյանի հետ է՝ տապալված հրեշին թաղելու համար

Սեֆիլյանը ցանկացավ բանտում մնալ․ Փաշինյանի հետ է՝ տապալված հրեշին թաղելու համար

Վերաքննիչ դատարանը այսօր շարունակել է «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության առաջնորդ, ղարաբաղյան պատերազմի մասնակից «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով դատավարությունը։

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը և Հրաչ Հակոբյանը երաշխավորություններ են ներկայացրել դատարան՝ վերացնելու Ներսես Պողոսյանի կալանավորումը։

Նույն խմբակցության անդամներ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը երաշխավորագիր են ներկայացրել Գևորգ Սաֆարյանի կալանքը վերացնելու համար։

Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն նիստում ասել է, որ Սեֆիլյանը չի միջնորդում իր կալանքը փոխել, քանի որ որպես հրամանատար դուրս չի գա մինչև իր բոլոր ընկերները չազատվեն։

Դատախազությունը չի առարկել Սաֆարյանի և Պողոսյանի կալանքը վերացնելուն։

Դատարանը որոշել է կալանքի միջնորդությունը քննարկել վերջնական ակտ կայացնելիս։ Հայրապետյանը հայտարարել է, որ կալանքի միջնորդություն քննակրելը չի կարող հետաձգվել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համարել է, որ անգամ մի քանի ժամ հետաձգումը ամբաստանյալի իրավունքների խախտում է։

Ընդմիջմանը Սեֆիլյանը լրագրողներին ասել է, որ առաջնայինը քաղբանտարյալների ազատ արձակումն է և քաղաքական ուժերի համագործակությունը նախկին իշխանավորների վերադարձը կանխելու շուրջ։

«Բոլորս՝ հանձին պարոն Պաշինյանի պիտի նեցուկ կանգնենք, որ այս դժվարին վիճակից պատվով դուրս գանք, հետո անցնենք պետության կառուցմանը։ Մեր դուրս գալուց հետո պետք է լինի մի այնպիսի գործընթաց, որ ռեվանշիստների հույսերը մեկընդմիշտ պիտի վերանան։ Նրանք նույնիսկ երազում պիտի չտեսնեն, որ կարող են նորից վերադառնան։ Այդ արգելքը մենք չենք դրել, մեր ժողովուրդն է դրել», — ասել է Սեֆիլյանը։

Նա ասել է, որ քաղաքական ուժերը մի կողմ պետք է դնեն տարաձայնությունները և համագործակցեն։ «Մեր դեմ կանգնած հրեշը այսօր տապալված է, բայց տակավին գերեզմանոցում չի։ Մենք պիտի լծվենք ձեռք ձեռքի և այդ վիշապին թաղենք», — ասել է նա։

Սեֆիլյանն ասել է, որ կարևոր է համարկում բոլոր բանտարկյալների հարցը, ոչ միայն քաղբանտարկյալների։ «Բերդի 80 տոկոսը անիմաստ նստած ա․․․», — արձագանքել է Սեֆիլյանի գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանը։

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սեֆիլյանին դատապարտել էր 10,5 տարվա ազատազրկման։ Ազատազրկման տարբեր ժամկետներ են տվել նաև նույն գործով անցնող 5 այլ անձանց։