Home / Ազգային ժողով / Կուտակայինը լինելու է․ պետությունը հետապնդելու է բիզնեսում «փայ մտնողներին»

Կուտակայինը լինելու է․ պետությունը հետապնդելու է բիզնեսում «փայ մտնողներին»

Հայաստանի նոր Կառավարության ծրագրի հիմնական թեզերն են արհեստական տնտեսական մենաշնորհերի բացառումը, տնտեսական մրցակցության պաշտպանությունը, աշխատատեղերի ստեղծումը, աղքատության հաղթահարումը, հանրության կրթական և սոցիալական մակարդակի շարունակական բարձրացումը, բռնությունից զերծ հանրության հաստատումը և բռնության հանրային մերժումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը և բնական պաշարների ողջամիտ օգտագործումը։ Այս մասին Ազգային Ժողովում ներկայացնելով Կառավարության ծրագիրը՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի բոլոր գործարարները, բոլորն առանց բացառության, ազատվում են բոլոր տեսակի կոռուպցիոն պարտավորություններից, ցանկացած պաշտոնյա՝ դատախազ, միլպետ, հարկայինի պետ, նախարար և այլն, ով կփորձի «փայ մտնել» բիզնեսում, իմ անձնական թշնամին է և պիտի սպասի պետության ջախջախիչ հակահարվածի։ Որևէ մեկը չմտածի, թե կարող է խուսափել պատասխանատվությունից, բոլոր կոռուպցիոներներին հայտնաբերելու ենք ամենամութ ծակերից»,֊ ասել է Փաշինյանը։

Նա ասել է, որ բոլոր ներդրողները պետք է պաշտպանված լինեն Հայաստանում, և դա երաշխավորելու համար Ազգային անվտանգության ծառայությունում բացվելու է հատուկ ստորաբաժանում։

Փաշինյանը նաև խոստացել է ընտրակեղծարարության դեպքերը հետապնդել և պատժել։

Վարչապետը նկատել է, որ Կառավարության մարտահրավերներից մեկը կուտակային կենսաթոշակային ծրագրի պարտաիր բաղադրիչի վերաբերյալ որոշում կայացնելն է։ Հիշեցնենք, որ նախորդ Կառավարության որոշմամբ՝ այդ բաղադրիչը ուժի մեջ է մտնում 1974 թվականից հետո ծնված բոլոր աշխատողների համար։

«Հարցը ունի հսկայական քաղաքական ենթատեքստ, Կառավարությունը պետք է լրջագույն որոշումներ կայացնի այս կապակցությամբ։ Իհարկե, մենք պետք է որոշում կայացնենք, որը բխում է Հայաստանի ազգային շահերից։ Ուզում եմ ընդգծել մի քանի փաստեր, որ հնարավոր չէ հաշվի չառնել որոշում կայացնելիս։ Փաստ առաջին՝ շահառուների 80 տոկոսը արդեն ներառված են համակարգում, և միայն 20 տոկոսն է, որ ներգրավելու է հուլիսի 1-ից հետո։ Փաստ երկրորդ՝ այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ։ Փաստ երրորդ՝ կուտակային ֆոնդերի կառավարումն իրականացնում են աշխարհում հսկայական հեղինակություն վայելող, և առհելի՝ նույնիսկ Հայաստանի տարեկան ՀՆԱ֊ն գերազանցող կապիտալների տիրապետող ընկերություններ և Հայաստանում նրանց հետագա ճակատագիրը միջազգային գնահատական է լինելու Հայաստանում ներդրումներ անելու հուսալիության աստիճանի։ Ոլորտի ամենահեղինակավոր մասնագետները պնդում են, որ այս պրոցեսը անցել է անդառնալիության կետը։ Եվ տվյալ խնդրի շուրջ որոշում կայացնելիս մենք պետք է հաշվի առնենք ռիսկերը, որոնք ոչ միայն երկարաժամկետ, այլև կարճաժանկետ առհելի հետևանքներ կարող են ունենան Հայաստանի տնտեսության համար»,- ասել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ Կուտակայինի հանդեպ թերհավատությունը պայմանավորված էր նախորդ իշխանության հանդեպ անվստահությամբ, ինչը հիմա վերացել է։