Home / Ազգային ժողով / «Ուզում եք կողմ քվեարկեք, ուզում եք դեմ քվեարկեք»․ ԱԺ֊ն ընդունեց Կառավարության ծրագիրը

«Ուզում եք կողմ քվեարկեք, ուզում եք դեմ քվեարկեք»․ ԱԺ֊ն ընդունեց Կառավարության ծրագիրը

Շատ են ասում՝ մեր ծրագրի մեջ չկան թվեր․ մեր ծրագրի մեջ կան բազմաթիվ թվեր, ես դրանք կներկայացնեմ, այսօր ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ավարտին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպիսին է լինելու կամ ինչպիսին է արդեն Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի մակարդակը։ Ես պաշտոնապես հրապարակում եմ այդ թիվը՝ 0։

Ինչպիսին է լինելու Հայաստանում արտոնյալների տոկոսը։ Ես պաշտոնապես հրապարակում եմ այդ թիվը՝ 0։

Հայաստանում խոշոր բիզնեսներն ամսեկան ինչքան նալոգ պետք է տան Հանրապետության վարչապետին։ Ես պաշտոնապես հայտարարում եմ այդ թիվը՝ 0։

Հայաստանում քանի մենաշնորհներ պետք է գոյություն ունենան։ Ես պաշտոնապես հայտարարում եմ այդ թիվը՝ 0։

Ես կարծում եմ, որ մեր ծրագրի ամենալավ գնահատականը տվեց պարոն Շարմազանովը (ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ)։ Նա ասաց՝ սա երազանքների ծրագիրը։ Այո, պարոն Շարմազանով, ձեր կուսակցությունը և ձեր կառավարությունը թվերի տակ տրորում էր մարդկանց երազանքը։ Սա երազանքների ծրագիր է և սա երազանքների երկիր ունենալու ծրագիր է, և մենք այս ծրագրով ասում ենք, որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերադարձրել ենք երազելու իրավունքը», ֊ ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ այն պահին, որ ինքը զգա՝ չունի ժողովրդի վստահությունը, 5 րոպե ավել չի մնա վարչապետի պաշտոնում։

«Մենք բոլորս հասկանում ենք, որ Ազգային ժողովն ինձ վարչապետ ընտրել է՝ ի հեճուկս սեփական ցանկությունների։ Որևէ մեկը թող չասի, որ լավություն է արել ինձ կամ որևէ մեկին Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրելով։ եվ թող որևէ մեկը չմտածի, որ ինձ կամ կառավարությանը լավություն է անելու՝ կառավարության ծրագրին կողմ քվեարկելով։ Մենք որևէ մեկի լավության կարիքը Ազգային ժողովում չունենք։ Ուզում եք կողմ քվեարկեք, ուզում եք դեմ քվեարկեք։ Մենք ունենք ժողովրդի վստահությունը, և մենք ասել ենք, որ ժողովրդի վստահությունը պետք է դառնա կոնկրետ քաղաքական արդյունք։ Եվ դա կդառնա կոնկրետ քաղաքական արդյունք՝ անկախ նրանից դուք ուզում եք, թե ոչ», ֊ ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթից հետո Ազգային ժողովը կողմ է քվեարկել ՀՀ Կառավարության ծրագրին` 62 կողմ, 39 դեմ ձայների համամասնությամբ։

Կառավարության ծրագիրն ամբողջությամբ՝ այստեղ