Գլխավոր / Բնապահպանություն / Թեղուտի հանքից հեռացված աշխատակիցները մնացել են վարկերի տակ․ ակցիա

Թեղուտի հանքից հեռացված աշխատակիցները մնացել են վարկերի տակ․ ակցիա

Թեղուտ և Շնող գյուղերի մի խումբ բնակիչներ, ովքեր մինչև 2018 թվականի հունվարը աշխատել են  Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում, այսօր անժամկետ փակել են դեպի գործարան տանող ճանապարհը՝ պահանջելով իրենց հետ վերցնել աշխատանքի։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին «Թեղուտ ՓԲԸ»-ն հայտարարել է, որ անորոշ ժամանակով դադարեցնում է հանքավայրի շահագործումը և մոտ 1200 աշխատակիցներին ազատում աշխատանքից։

Գյուղացիները լրագրողներին ասել են, որ «Թեղուտ» ՓԲԸ֊ից, առաջին հերթին, տուժել են Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչները․ ընկերությունը դատարանի միջոցով վերցրել է իրենց հողերը, հատել է անտառը, թունավորել է գետերը, որից ջրվում էին իրենց այգիները, և արդյունքում զրկել այդ գյուղերի բնակիչներին հանքին այլընտրանք ապրուստի միջոցներ ստեղծելու հնարավորությունից։ «Մենք ընչազրկվել ենք, վերցրել ենք վարկեր, և հիմա ճռնչում ենք այդ վարկերի տակ։ Մեր մասին ոչ ոք չի մտածում»,֊ ասել է բնակիչներից մեկը՝ հիշեցնելով, որ 2014 թվականին Թեղուտ ՓԲԸ֊ն խոստանում էր աշխատել 50 տարի, սակայն փակվել է 3 տարի հետո։ Այժմ «Թեղուտ ՓԲԸ»֊ն պահում է 390 աշխատակից, որից թեղուտեցի և շնողեցի է 103֊ը։ «Մեր պահանջը հետևյալն է, առաջնահերթ պետք է աշխատեն Թեղուտի և Շնողի բնակիչները»,֊ ասել է բնակիչներից մեկը։

Հունիսի 2-ին «Թեղուտ ՓԲԸ»֊ի աշխատակիցները հանդիպել են գյուղացիներին, ովքեր դժգոհ են մնացել հանդիպումից, և այսօր որոշել փակել ճանապարհը։

Այսօր ցույցի ժամանակ գյուղացիներից մեկը կարդացել է «Թեղուտ ՓԲԸ»֊ի ներկայացուցիչների հետ հանդիպման սղագրությունը։ Նախկին աշխատակիցներից Ասպուրակ Շախկյանն ընկերության ղեկավարությանն ասել է, որ նախկին աշխատակիցներին ՎՏԲ֊ից նամակ է եղել, որ վարկի տոկոսները ավելանալու են 3 տոկոսով՝ մուծումները ուշացնելու պատճառով։ Հիշեցնենք, որ ՎՏԲ֊ն ֆինանսավորում էր Թեղուտի հանքը․ դանիական PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամը 2013 թվականին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրել էր շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկը, ինչև հետ է վերցրել 2017 թվականի հոկտեմբերին՝ հիմբնավորելով, որ վարկառուն հանքում բնապահպանական ու սոցիալական իրավիճակը չի շտկում։

«Վալլեքս» խմբի ընկերությունների լրատվության և
հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Թագուհի Կարապետյանը թեղուցիների բողոքին պատասխանել է․ «Ինչ է նշանակում խլել եք, զրկել եք, փշրել եք։ Մենք ձեզանից ոչինչ չեն վերցրել, չենք թալանել։ Հաստատ ոչ մեկը վարկ չի վերցրել օրվա հացի խնդիր լուծելու համար։ Մեկը հարսանիքի համար է վերցրել, մյուսը՝ մեքենա գնելու, և այլն»։

«Թեղուտ ՓԲԸ»֊ի ներկայացուցիչները նշել են, որ դադարի հիմնական խնդիրներից է պոչամբարը։ «Արդյոք քննարկե՞լ եք պոչամբարի չորացման հարցը»,֊ հարցրել է շնողի բնակիչներից մեկը։

«Վալլեքսի» հանրային կապերի պատասխանատու Դավիթ Թադևոսյան ասել է «Իհարկե, մենք զբաղվում ենք այդ հարցով։ Ավստրալական մեծ ընկերություն մեզ համար հաշվարկներ է անում։ Խտացնելու ենք 50-60 տոկոս։ Աշխարհում չկա մի հանք, որ կարող է իրեն թույլ տալ չորացնել այդ պոչերը, Թեղուտը նույնպես չունի այդ հնարավորությունը»։