Գլխավոր / Բնապահպանություն / Հանուն հանքի Կառավարությունը կրճատել էր ազգային պարկի տարածքը

Հանուն հանքի Կառավարությունը կրճատել էր ազգային պարկի տարածքը

«Թաթսթոուն» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրի տարածքը գտնվում է «Արևիկ» ազգային պարկի տարածքում, ուստի դրա շահագործումն անօրինական է։ Այս հիմնավորմամբ «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ն վարչական դատարանի միջոցով փորձում է հասնել հանքավայրի շահագործման համար պետության տրված թույլտվությունները առ ոչինչ ճանաչվելուն։

Հունիսի 11-ին կայացած դատական նիստին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչ Ռուզաննա Փիլոյանը հերքել է, որ հանքի տարածքի մի մասը համընկնում է Մեղրիի եզակի բուսական և կենդանական աշխարհը պահպանելու համար 2009 թվականին ստեղծված «Արևիկ» ազգային պարկի տարածքին։ Այն ստեղծվել էր Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջերի, ինչպես նաև Մեղրի, Շվանիձոր և Նյուվադի գետերի ջրհավաք ավազանների տարածքներում՝ բնական էկոհամակարգերի, բնության եզակի հուշարձաններ պահպանման, բնականոն զարգացման, վերարտադրությունն ու կայուն օգտագործումն ապահովելու նպատակով։ Պարկի ստեղծման աշխատանքներին մասնակցել էր «Վայրի բնության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ»-ը։

Պաշտոնյան հիմնավորել է, որ պարկի այն մասը, որի մեջ կարող էր մտնել հանքի տարածքը, կարող էր մտնել պարկի տարածքի մեջ, 2015 թվականի հուլիսի 2-ի Կառավարության որոշմամբ հանվել է Ազգային պարկի տարածքից և այլևս չի համարվում հատուկ պահպանվող տարածք։

«Այսինքն՝ ինքն անուղակիորեն ընդունեց, որ էդ հանքի շահագործման համար մի մասը հանվել է հատուկ պահպանվող տարածքի կազմից»,֊ Epress.am-ի հետ զրույցում ասել է «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը։

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը չի բավարարվել այս բացատրությամբ և միջնորդել է, որպեսզի պատասխանող պետական մարմինը ներկայացնի Զանգեզուր կենսոլորտային համալիրի մաս կազմող  «Արևիկ» ազգային պարկի քարտեզը ճշգրիտ կոորդինատներով։

Արթուր Գրիգորյանի խոսքով՝ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը, համեմատելով «Թաթսթոուն» ՍՊԸ-ին տրված լեռնահատկացման ակտի կոորդինատային տվյալները «Արևիկ» ազգային պարկի տարածքի իրենց ունեցած քարտեզագրումների հետ, եզրակացրել է, որ հանքի տարածքները զգալի մասով համընկնում են թե՛ «Արևիկ» պարկի (34 401․8 հա), թե՛ «Բողաքար» (2728 հեկտար) արգելավայրի հետ։

Հաջորդ նիստին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կամ Բնապահպանության նախարարության ներկայացուցիչները, որոնք դատական նիստին չէին ներկայացել, պետք է քարտեզներ ներկայացնեն։

Հիշեցնենք, որ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչները ստորագրահավաք են սկսել Լիճքի հանքավայրի և նոր հանքերի շահագործման դեմ` ներկայացնելով խնդիրը վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մեղրեցիները պնդում են, որ Լիճքի հանքավայրը գտնվում է Մեղրի քաղաքի և այլ բնակավայրերի խմելու ջրամատակարարման ջրաբաշխիչ համակարգի սանիտարական գոտում և որ հանքավայրի շահագործումը կարող է որակական և քանակական բնույթի շատ լուրջ ազդեցություն թողնել Մեղրի խմելու ջրամատակարարման համակարգի վրա։