Գլխավոր / Կրթություն / Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենին մեղադրում են չարաշահումների մեջ․ նա հետախուզվում է

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենին մեղադրում են չարաշահումների մեջ․ նա հետախուզվում է

ՀՀ քննչական կոմիտեն Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Համաձայն պաշտոնական հայտարարության, Ազիզյանը, զբաղեցնելով դպրոցի տնօրենի պաշտոնը, 2014-2017թթ. ընթացքում հրամաններ է ստորագրել՝ մի շարք աշխատակիցների դրամական պարգևատրումներ տալու մասին։ Վերջիններս, ստանալով պարգևատրումները, ամբողջությամբ կամ մասնակի առձեռն վերադարձրել են ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ըստ նրա կողմից ներկայացված նախնական պահանջի:

Ռուզաննա Ազիզյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում։ Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ նա արտագաղթել է ԱՄՆ։

Օրերս ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունը չարաշահումներ էր բացահայտվել նաև «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում. մեղադրանք էր առաջադրվել դպրոցի տնօրենին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Համաձայն իրավապահ մարմինների, 2014-2018 թվականներին «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ֊ը տնտեսվարողների հետ տարբեր ժամանակահատվածներում կնքել է շուրջ 15 միլիոն 481 հազար դրամի սննդամթերքի մատակարարման պայմանագրեր, որոնցով վերջիններս պարտավորվել են սննդի ծանրոցներ մատակարարել դպրոց: Սակայն, պարզվել էր, որ կազմվել են բովանդակությամբ կեղծ արձանագրություններ և ակտեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառվել ինչպես ստացված ծանրոցների քանակի, այնպես էլ՝ այդ ծանրոցներում սննդամթերքի տեսակի, չափի և սննդի օգտագործման հետ կապված պարագաների վերաբերյալ: Արդյունքում՝ 697-780 դրամ արժողությամբ սննդի ծանրոցների փոխարեն, փաստացի դպրոց մատակարարվել և երեխաներին բաշխվել են մոտ 200 դրամ արժողությամբ սննդի ծանրոցներ, իսկ պայմանագրով նախատեսված գումարի մնացած մասը խաբեության եղանակով հափշտակվել է: