Գլխավոր / Հայաստան / Սեֆիլյանի ազատազրկման ժամկետը փոխել են․ գործով անցնողներն ազատվել են դատարանի դահլիճից

Սեֆիլյանի ազատազրկման ժամկետը փոխել են․ գործով անցնողներն ազատվել են դատարանի դահլիճից

Վերաքննիչ դատարանն այսօր մեղմացրել է «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության առաջնորդ, ղարաբաղյան պատերազմի վետերան Ժիրայր Սեֆիլյանին և վերջինս գործով անցնող մյուս 5 անձանց նկատմամբ առաջին ատյանի կայացրած դատավճիռը։ Այս տարվա մարտի 20֊ին Սեֆիլյանը դատավոր Տաթևիկ Գրիգորյանի կողմից դատապարտվել էր 10.5 տարվա ազատազրկման, սակայն նոր որոշմամբ՝ պատժաչափը կազմել է 5.5 տարի։

Սեֆիլյանի գործով անցնող 5 անձինք՝ Գևորգ Սաֆարյան, Սասունիկ Կիրակոսյանը, Ներսես Պողոսյանը, Հրայր Թոփչյանը և Գալուստ Գրիգորյանը, որոնք ստացել էին 3-ից 5 տարվա ազատազրկում, Վերաքննիչի այսօրվա վճռով ստացել են 2 տարվա ազատազրկում, և ազատ են արձակվել դատարանի դահլիճից, քանի որ արդեն 2 տարի է բանտում են և նրանց նկատմամբ պատիժը համարվել է լուծված։ Սեֆիլյանի դեպքում փոխվել է խափանման միջոցը։ Նա ազատ է արձակվել ստորագրության դիմաց մինչև դատական գործընթացի ավարտը։ Սեֆիլյանը դեռ չի սպառել բոլոր դատական ատյանները, նա հնարավորություն ունի վճիռը վիճարկել Վճռաբեկ դատարան։

Հիշեցնենք, որ դատարանում խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն էին ներկայացրել Սեֆիլյանի և մյուսների փաստաբանները։ Կալանքը փոխելու համար միջնորդել էին նաև ԱԺ «Ելք» և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունների պատգամավորները։ «Ծառուկյան դաշինքից» 12 պատգամավոր երաշխավորագիր էր ներկայացրել Ժիրայր Սեֆիլյանի համար, իսկ «Ելքից» երկու պատգամավոր՝ Ներսես Պողոսյանի համար, երկու պատգամավոր՝ Գևորգ Սաֆարյանի համար։

Ըստ մեղադրանքի՝ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը։

Պաշտպանները բազմից պնդել են, որ այդ գործում չկա կատարված հանցագործություն, ուստի չի կարող լինել նաև ենթադրյալ հանցագործության մեղավորներ։ Ըստ պաշտպանների՝ գործում չկա որևէ ապացույց, որ Սեֆիլյանը պատրաստվում էր շինություններ գրավել, և մեղադրանքը հիմնավորելու համար դատախազները հենվել են երկու ԱԱԾ֊ական ներդված անձանց սուտ ցուցմունքների վրա։