Home / Շուկա / Կուտակայինի շուրջ․ նախարարը հրաժարական տվեց, վարչապետն արձագանքեց

Կուտակայինի շուրջ․ նախարարը հրաժարական տվեց, վարչապետն արձագանքեց

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի հետ կապված ՀՀ կառավարության հետ ունեցած անհամաձայնությունները հունիսի 12-ին դարձան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի պատճառ։ Հրաժարականից հետո Կառավարության դիրքորոշումը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մանե Թանդիլյանը՝ իր որոշման պատճառների մասին․ «Նշանակվելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իմ դիրքորոշումը հայտնել եմ պարտադիր բաղադրիչի ամբողջական ներդնումը 1 տարով հետաձգելու և հանրային քննարկումների միջոցով համակարգը փոփոխելու տեսքով՝ շահառուների համար գրավիչ տարբեր լուծումներ տալու, առանցքում ունենալով ազատ կամահայտնության սկզբունքը։ Այս ճանապարհը ևս ուներ որոշակի բարդություններ, բայց ես հայտնել եմ իմ պատրաստակամությունը այդ աշխատանքները նախաձեռնելու, հանրության լայն շերտերի հետ լայնամասշտաբ աշխատանքներ իրականացնելու՝ լավագույն և հանրության համար ընդունելի լուծումը գտնելու համար։

Երկար քննարկումներից հետո պարզ դարձավ, որ իմ առաջարկը չունի կառավարության աջակցությունը։ Փոխարենը առաջ քաշվեց այլ տարբերակ, որն էլ ներկայացվեց և հաստատվեց կառավարության նիստում։

Այս հարցը սկզբունքային նշանակություն ունի ինձ համար։ Պարտադիր բաղադրիչը չուներ և չունի հանրության աջակցությունը, և դրա պատճառները բազմաթիվ են և բազմաշերտ։ Այն ունի թե՛ սոցիալական, թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ համակարգային խնդիրներ, և առանց հանրության հետ քննարկելու, խնդիրները բացահայտելու և միասնական և ընդունելի լուծումներ գտնելու, ես ճանապարհ չեմ տեսնում պարտադիր բաղադրիչի ամբողջ ծավալով ներդրման համար։ Ես լիահույս էի, որ նոր կառավարությունը այս խնդրի լուծման նոր ճանապարհով կգնա։ Նախորդ իշխանությունների կողմից խնդիրների լուծման իմպերատիվ մեթոդները ընդունելի չեն ինձ համար։

Սիրելի հայրենակիցներ, ես դեմ եմ եղել պարտադիր կուտակային համակարգին, իմ համախոհների հետ միասին այդ համակարգի դեմ կազմակերպել եմ ցույցեր, և հիմա էլ գտնում եմ, որ կուտակային համակարգը պետք է առանցքում ունենա ազատ կամահայտնության և ընտրության հնարավորության սկզբունքը, հաշվի առնելով համակարգի ռիսկայնությունը և երկարաժամկետությունը։

Այս գրառումով ես դադարեցնում եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի իմ լիազորությունները, որոնք եղել են բացառապես ՀՀ քաղաքացիներին ծառայելու գործիքներ»։

Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության դիրքորոշման մասին․ «Ուզում եմ ճիշտ հասկանանաք՝ ինչ է տեղի ունեցել հիմա և ինչու․ ուժի մեջ է կուտակային կենսաթոշակի մասին այն դրույթը, ըստ որի՝ հուլիսի 1-ից բոլորը, առանց բացառության, պետք է վճարեն պարտադիր կուտակային բաղադրիչը։ Այս իրավիճակում մենք ունենք մի քանի տարբերակ․ ա) ոչինչ չձեռնարկել։ Սակայն սա մեզ համար ընդունելի չէր, քանի որ գտնում ենք, որ այս իրավիճակում նոր կառավարությունը պետք է ինչ-որ բան անի, որ մարդկանց վիճակն առնվազն թեթևացնի։

Տարբերակ բ) հետաձգել հուլիսի 1-ից գործող օրենքի կիրարկումը։ Սակայն երբ մենք հետձգում ենք օրենքի կիրակումը 80 հազար քաղաքացիների համար, մենք անարդար ենք վարվում այն 207 հազար քաղաքացիների նկատմամբ, որոնք համակարգի մեջ են և շարունակում են վճարել։

Կա ուրիշ տարբերակ՝ կանգնացնել այս համակարգի գործունեությունը։ Բայց առաջ է գալիս մի խնդիր, որ մենք բախվում ենք կուտակային ֆոնդերի կառավաիչների հետ կոնֆլիկտի մեջ մտնելու իրավիճակին։ Մենք կոնֆլիկտից չենք վախենում, բայց խնդիրը հետևյալն է․ այդ ֆոնդերը կառավարում են Եվրոպայում և աշխարհում բավականին բարձր ռեյտինգ ունեցող կառավարիչներ, և այս իրավիճակում, երբ մենք նրանց համար այսպես ասած չնախատեսված խաղի կանոններ ենք փոխում, այս լուրը շատ արագ տարածվում է աշխարհով և ստացվում է, որ Հայաաստում տնտեսական գործունեության համար պրոբլեմներ կան։ Շատ դժվար կլինի օտարերկրյա ուրիշ տնտեսվարողների հրավիրել Հայաստան, երբ մենք խաղի կանոններ ենք փոխում խաղի ընթացքում։

Ինչ տարբերակ ենք առաջարկում․ ասում ենք հետևյալը՝ եթե նախկինում, պարտադիր 10 տոկոսի 5 տոկոսը վճարում էր պետությունը, 5 տոկոսը՝ քաղաքացին։ Հիմա մենք առաջարկում ենք հետևյալը՝ քաղաքացին վճարի 2,5 տոկոսը, մնացածը՝ պետությունը։

Եթե ուսումասիրվի այս համակարգը և պարզի, որ ինչ-ինչ պատճառներով սա չի կարող լինել, քանի որ հակասահմանադրական է, ապա որևէ ողբերգություն չկա։ Բոլոր քաղաքացիները, որ վճարել են, կարող են գումարը հետ ստանալ։ Եթե պարզի, որ համակարգը կարող է գործել որոշակի բարեփոխումների արդյունքում և հուսալի է, մենք կշարունակենք աշխատել»։