Գլխավոր / Հայաստան / «Երևան» հիմանդրամի գործով կան ձերբակալվածներ

«Երևան» հիմանդրամի գործով կան ձերբակալվածներ

«Երևան» հիմնադրամի գործունեության հետ կապված քրեական գործով կան երկու ձերբակալվածներ՝ հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը և Դավիթաշենի թաղապետի տեղակալ Խաչատուր Կարապետյանը: Այս մասին հայտարարել է  Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում գտնվող նույնանուն հիմնադրամում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն հնարավոր սխեմաներ բացահայտելու նպատակով  խուզարկություն էր իրականացրել։

Համաձայն ԱԱԾ պաշտոնական հայտարարության, 2 քաղաքացիներից  հաղորդում էր ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ: Պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:

Ըստ քաղաքապետարանի հետ հարաբերությունների փորձ ունեցած մարդկանց և մամուլի հրապարակումների, «Երևան» հիմնադրամը գործում է որպես «սև բյուջե»․ այնտեղ նվիրատվությունների ձևով կուտակվում են այս կամ այն թույտվությունները ստանալու, քաղաքապետի դրական վերաբերմունքին արժանանալու համար տրվող կաշառքները։