Գլխավոր / Մարզեր / Էջմիածինը ոտքի է ելել Գրիգորյանների կլանի դեմ

Էջմիածինը ոտքի է ելել Գրիգորյանների կլանի դեմ

«Էջմիածինը քայլ է անում», «Քաղաքի տերը դու չես», «Չինովնի՛կ, դու հաշվետու ես», «Ազատ Էջմածին» պաստառներով այսօր մոտ 10 հազար քաղաքացիներ հավաքվել են Էջմիածնի կենտրոնական հրապարակում՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տեղացի մեծահարուստ Մանվել Գրիգորյանի որդի՝  քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով։ Հանրահավաքին ներկա մասնակիցների թիվը քաղաքի պատմության մեջ աննախադեպ էր. «Սա արտառոց դեպք է քաղաքի պատմության մեջ», -նշել են հավաքի մասնակիցները։

«Մեր նպատակը լեգիտիմ իշխանություն ունենալն է, և Կարեն Գրիգորյանի հրաժարականը»,- բեմում ելույթի ընթացքում ընդգծել է  «Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ» իրավապաշտպան կազմակերպության անդամ, հավաքի կազմակերպիչներից  Արտակ Սերգոյանը։

Չնայած Գրիգորյանները, հանրահավաքի մասնակիցների խոսքով, տարիներ շարունակ քաղաքում վախի մթնոլորտ են ստեղծել, մարդիկ այսօր որոշել են իրենց քայլն անել ու «մերժել Կարենին»։ Նրանք հորդորել են մարդկանց այսուհետ չվախենալ մասնակցել հանրահավաքներին և չտվրել սադրանքներին։

Հիշեցնենք, որ նախօրեին, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Կարեն Գրիգորյանն ահաբեկել էր գրադարանների աշխատակիցներին և ուսուցիչներին՝ հորդորելով չներկայանալ իր հրաժարականը պահանջող հանրահավաքին, հակառակ դեպքում սպառնացելել էր աշխատանքից հեռացնել նրանց։

Բազմահազարանոց հանրահավաքի ընթացքում ելույթները պարբերաբար ընդհատվում էին՝ «Պայքար, պայքար մինչև վերջ», «Մենք ենք տերը մեր քաղաքի» վանկարկումներով։

Բեմում «Մերժիր Սերժին» նախաձեռնության Էջմիածնի ներկայացուցիչները նաև հաղթանակի ջահ են վառել՝ վանկարկելով «Մանվե՛լ, հեռացիր»։

Հանրահավաքի կազմակերպիչները պահանջում էին նաև, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ու Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը հանդիպեն իրենց հետ և լսեն  բոլոր մտահոգությունները։

Հանրահավաքին հաջորդել է երթ՝  քաղաքի կենտրոնական փողոցներով։

Նշենք, որ քաղաքապետի թիմակիցները, ի աջակցություն նրա,  երկու օրից պատրաստվում են հանրահավաք  կազմակերպել։