Գլխավոր / Մարզեր / Քաղաքապետն ահաբեկում է էջմիածինցիներին իր հրաժարականը պահանջող հանրահավաքից առաջ

Քաղաքապետն ահաբեկում է էջմիածինցիներին իր հրաժարականը պահանջող հանրահավաքից առաջ

Էջմիածնի քաղաքապետ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ, պաշտապության նախկին փոխնախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տեղացի մեծահարուստ Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով այսօր՝ հունիսի 14-ին, քաղաքի գլխավոր հրապարակում 18:00-ին հանրահավաք է տեղի ունենալու։ Նախաձեռնողները Էջմիածնի բնակիչներն են, որոնք օր առաջ ցանկանում են ազատվել Ղարաբաղի պատերազմով իշխանության և հարստության հասած, տարիներ շարունակ շրջանը ահաբեկող գեներալի որդուց։ Մարդիկ մոտ մեկ շաբաթ քաղաքի տարբեր թաղամասերում իրազեկման երթեր են անցկացրել՝ հորդորելով էջմիածինցիներին ներկա լինել հանրահավաքին և պահանջել քաղաքապետի հրաժարականը։

Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտից 17։00-ին հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվելու են Կենտրոնական հրապարակ։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է հավաքի նախափեռնողներից «Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ» իրավապաշտպան կազմակերպության անդամ Արտակ Սերգոյանը։

«Առաջնային խնդիրներից մեկը քաղաքապետի հրաժարականն է, բացի դա քաղաքում տասից ավելի տարի ձգվող վախի, բռնաճնշումների, ռեկետի, թալանի, կոռուպցիայի դեմ պայքար է սա։ Սա կլանային, ընտանեկան քաղաք է դարձրել։ Այստեղ թիրախավորված չէ կոնկրետ քաղաքապետը։ Սա բողոք է կլանային մեխանիզմի դեմ։ Մենք երբևէ չենք փորձել խնդիրներն անձնականացնել։ Ի՞նչ է նշանակում՝ գեներալը պետք է ապրի հանգիստ փողոցում։ Սա աբսուրդ է։ Ոչ մի զարգացած երկրում չկա նմանատիպ դեպք, որ գեներալը պետք է ապրի աղմուկից հեռու։ Աղմուկից հեռու անտառներում լիքը տեղ կա։ Հայաստանը լիքը կանաչ տարածքներ ունի», — ասել է Սերգոյանը։

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ նախօրեին Կարեն Գրիգորյանը զանգահարել է քաղաքի բոլոր մանկապարտեզներ ու գրադարաններ և սպառնացել, որ հանրահավաքին չմասնակցեն։ Հակառակ դեպքում մասնակցողները կազատվեն աշխատանքից։ Կարեն Գրիգորյանը քաղաքապետարանի աշխատակիցներին հրահանգել է նաև հեռախոսներով տեսանկարահանումներ կատարել այսօր սպասվող հանրահավաքի ժամանակ:

Այս տեղեկությունն Արտակ Սերգոյանը հաստատեց․ «Մարդիկ, ծնողները դրսում ինձ մոտենում, ասում են, որ դաստիարակներին, ուսուցիչներին ահաբեկել են։ Ես դրա մասին բարձրաձայնել եմ երեկ։ Կան մարդիկ, ովքեր գալու են մեր գրասենյակ, բողոքի հաղորդում տան, և մենք կդիմենք ոստիկանություն»։