Home / Բանակ / Սպայի անփութության հետևանքով է զինվորը մահացել․ պաշտոնական

Սպայի անփութության հետևանքով է զինվորը մահացել․ պաշտոնական

2017 թվականի մայիսի 10-ին Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացած 20-ամյա Չապլին Արմենի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, մայոր Տ.Պողոսյանին։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

«Բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Պողոսյանը, հանդիսանալով մարտական դիրքի պատասխանատու, անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ․․․Լինելով զորամասի ստորաբաժանման հրամանատարի տեղակալ՝ պարտավոր է եղել հակառակորդի կողմից խոցելի հատվածներում ինժեներական աշխատանքներ իրականացնել միայն օրվա վատ տեսանելիության պայմաններում, սակայն չի պահպանել նշված պահանջները, ինչի հետևանքով մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ են իրականացվել ժամը 11-ի սահմաններում, որն առաջացրել է ծանր հետևանք․ հակառակորդի մարտական հենակետից կրակահերթ է արձակվել Չապլին Մարգարյանի ուղղությամբ», -հայտնում է պաշտոնական աղբյուրը։

Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (Անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ)։