Գլխավոր / Կրթություն / 22 քրեական գործ՝ բուհերի, դպրոցների, մանկապարտեզների ղեկավարների դեմ

22 քրեական գործ՝ բուհերի, դպրոցների, մանկապարտեզների ղեկավարների դեմ

Ուսումնական հաստատությունների 22 ղեկավարներ պետությանը պատճառել են 33 միլիոն 227 դրամի վնաս, որից ներկա պահի դրությամբ նախաքննության ընթացքում վերականգնվել է 2.123.000 ՀՀ դրամը: Այս մասին հայտնում է Դատախազությունը։

Ուսումնական հաստատությունների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումների, պաշտոնեական կեղծիքների, պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություններ կատարելու, կաշառք ստանալու և այլ հանցագործությունների վերաբերյալ այս պահին քննվում է 22 քրեական գործ։

Դրանցից 16 գործ վերաբերում է դպրոցների, 4 գործ՝ մանկապարտեզի տնօրեններին, 2 գործ՝ ԲՈՒՀ-ի պաշտոնատար անձանց: Նշված քրեական գործերից 2-ով քրեական հետապնդում է հարուցվել 4 մանկապարտեզի, 4 գործով՝ 4 դպրոցի տնօրենների նկատմամբ:

«Վերոնշյալ քրեական գործերի գերակշիռ մասը քննվում են տարիֆիկացիոն ցուցակներում ավել աշակերտներ ներկայացնելու և ստացված հավելյալ գումարները յուրացնելու, կրթական հաստատությունում գրանցված, սակայն աշխատանքի չհաճախող անձանց աշխատավարձերը յուրացնելու կամ վատնելու, կրթական հաստատության սաների հասանելիք սննդամթերքին հատկացվող գումարները հափշտակելու, կրթական հաստատության կարիքների համար ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների, կատարվող շինարարական և վերանորոգման աշխատանքների ակնհայտ բարձր գներ սահմանելու և արդյունքում դրա որոշակի մասը կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով հափշտակելու, կեղծ ավարտական վկայականներ տրամադրելու, դրամահավաքության և այլ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ», -նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ: