Գլխավոր / Ազգային ժողով / Բոլոր մասնակիցները պետք է բացահայտվեն և պատասխանատվության կանչվեն․ Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանի գործի մասին

Բոլոր մասնակիցները պետք է բացահայտվեն և պատասխանատվության կանչվեն․ Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանի գործի մասին

Կոռուպցիայի հետ որևէ կոմպրոմիս չի լինելու։ Այս մասին այսօր Կառավարության հրավիրած արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութին, որը նկարահանվել էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ամառանոցում և առանձնատանը։ Նշենք, որ իրավապահները հայտնաբերել են զինվորի համար նախատեսված մթերք, բինտեր, հագուստներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք-զինամթերք, սեփականության տասնյակ վկայականներ, 3 ավոտպարկ՝ թանկարժեք մեքենաներով, անձնական գազանանոց։

«Առանց որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու՝ մենք գործ ունենք Երրորդ Հանրապետության պատմության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ։ Ես հույս ունեմ, որ այս գործի քննությունը կընթանա պատշաճ մակարդակով, քանի որ գործ ունենք, ըստ ամենայնի, կոռուպցիոն մեծամասշտաբ երևույթի հետ։ Ինչպես ես, այնպես էլ հայ հանրությունը չի տեսնում որևէ խոչընդոտ, որպեսզի այս գործի բոլոր մասնակիցները բացահայտվեն և պատասխանատվության կանչվեն անկախ նրանց կոչումներից, կարգավիճակներից և այլ հարակից հանգամանքներից։ Այս գործը պետք է բացահայտվի մինչև վերջ և ինչպես մյուս բոլոր դեպքերում որևէ խոչընդոտներ չկան և չեն կարող լինել։ Ուզում եմ մեկ անգամ ևս արձագանքել, որ կոռուպցիայի հետ որևէ կոմպրոմիս չի լինելու»,֊ ասել է Փաշինյանը։

Նշենք, որ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ հունիսի 19-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` Մանվել Գրիգորյանի հարցը քննարկելու համար։