Գլխավոր / Բնապահպանություն / Եղվարդի նավթավերամշակման գործարանի կառուցման թույլտվությունն ապօրինի է

Եղվարդի նավթավերամշակման գործարանի կառուցման թույլտվությունն ապօրինի է

Հայաստանում «Լուբրեքս» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Արմօյլ» նավթամթերքի ներմուծմամբ զբաղվող ընկերությունը Կոտայքի մարզի Եղվարդում նավթավերամշակման գործարան կառուցելու համար ստացած թույլտվությունն ապօրինի է։ Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքը։

Քննվող քրեական գործով տվյալներ են ստացվել, որ «Արմօյլ» ընկերությանը նավթավերամշակման գործարանի կառուցման համար թույլտվություն տալուն խոչընդոտ հանդիսացող քաղաքաշինական փաստաթղթերում Եղվարդ համայնքի պաշտոնատար անձանց կողմից ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել՝ նշված ընկերությանը թույլատրելով Եղվարդի Նատի թաղամասում կառուցել նշված գործարանը։

Նավթավերամշակման գործարանը բնապահպանական փորձաքննության չէր ենթարկվել, չնայած նրան, որ նավթավերամշակման արտադրությունը պարտադիր ենթակա է բնապահպանական փորձաքննության և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով դիտարկվում է ամենաբարձր ռիսկայնություն ունեցող` «Ա» կատեգորիայով:

Ավելի վաղ, ՀՀ բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը հաստատել էր, որ ԲԸՏՄ-ի ղեկավարի կողմից հարուցվել է վարչական վարույթ` պարզելու համար «ԱրմՕյլ» ընկերության գործունեության օրինականությունը։ Գործարանի կառուցումը մեծ աղմուկ էր առաջացրել Եղվարդ քաղաքում, բնակիչները իրավիճակը անվանում են «էկոլոգիական աղետ», իսկ կառուցվող գործարանը` «ատոմային ռումբ»:

Եղվարդում գործարանի կառուցմանը դեմ են եղել հատկապես Նատի թաղամասի բնակիչները՝ մոտ 80 ընտանիք, որոնց տներից մոտ 50 մետր հեռավորության վրա էր շինարարությունն ընթանում:

Ըստ քաղաքում շրջանառվող լուրերի՝ այդ բիզնեսում Գագիկ Ծառուկյանը 50 տոկոս ներդրում ունի։