Home / Ազգային ժողով / Փաստաբանը հրաժարվել է Մանվել Գրիգորյանին պաշտպանելուց

Փաստաբանը հրաժարվել է Մանվել Գրիգորյանին պաշտպանելուց

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանը հրաժարվել է շարունակել նրա պաշտպանությունը։ Այս մասին փաստաբանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

Իր քայլը Անանյանը հիմնավորել է նրանով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթից և ԱԱԾ տեսանյութի հրապարակումից հետո ինքն անակնկալի է եկել, քանի որ Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պահին՝ նա տեղեկացված է եղել ապօրինաբար զենք-զինամթերք պահելու կասկածանքի մասին միայն, մինչդեռ հետագայում ի հայտ են եկել այլ հանգամանքներ, որոնց մասին նա տեղեկացված ինքը չի եղել, անգամ նախաքննության մարմինը նման կասկածանք առաջադրած չի եղել և նյութ չի տրամադրել։

«Ներկա պայմաններում նպատակահարմար չեմ գտնում այլևս շարունակելու իրականացնել Մանվել Գրիգորյանին իրավաբանական օգնություն ցույց տալը, և իմ առաջարկությամբ ու Մանվել Գրիգորյանի համաձայնությամբ (ինչն օրենքով պարտադիր է), նախաքննության մարմինը քիչ առաջ արձանագրեց այդ փաստը, և ես դադարել եմ նրա պաշտպանը լինելուց», – գրել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հրապարակել էր տեսանյութ՝ նկարահանված Գրիգորյանի ամառանոցում և առանձնատանը, որտեղ հայտնաբերվել էր զինվորի համար նախատեսված մթերք, բինտեր, հագուստներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք-զինամթերք, սեփականության տասնյակ վկայականներ, 3 ավոտպարկ՝ թանկարժեք մեքենաներով, անձնական գազանանոց։ Մանվել Գրիգորյանը ձերբակալված է։