Home / Ազգային ժողով / Մանվել Գրիգորյանի դեմ քրեական հետապնդում կիրականացվի․ ԱԺ֊ում համաձայն չէին 3-ը

Մանվել Գրիգորյանի դեմ քրեական հետապնդում կիրականացվի․ ԱԺ֊ում համաձայն չէին 3-ը

81 կողմ, 3 դեմ ձայնով Ազգային ժողովն այսօր գաղտնի քվեարկությամբ որոշում է ընդունել համաձայնել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել։

104 պատգամավորներից նիստին ներկա են եղել 85-ը։ Քվեաթերթիկներից մեկն անվավեր է եղել։ Ազգային ժողովին Մանվել Գրիգորյանի դեմ քրեական հետապնդում իրականացնելու և նրան անձեռնմխելիությունից զրկելու մասին երկու միջնորդագիր էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ ԱԺ անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրի վերաբերյալ ավելի ուշ կքվեարկի։

Մանվել Գրիգորյանն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին գրություն էր ուղարկել՝ նշելով, որ հրաժարվում է մասնակցել միջնորդագերի քննարկմանը։ Նա նաև գրել էր, որ կոչ է անում իր գործընկերներին համաձայնություն տալ իրեն պատգամավորական անձեռյնամխելիությունից զրկելու՝ առանց իր ներկայության․ «Վստահ եմ, որ իմ անունը ես կվերականգնեմ»։

Իր ելույթում Արթուր Դավթյանը նշել է, որ նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ Մանվել Գրիգորյանը մեծ քանակությամբ ռազմամթերք է ձեռք բերել և պահել իրեն պատկանող տարածքներում։

«2018 թվականի հունիսի 5-ից ընտանիքի անդամների և այլ անձանց մասնակցությամբ սկսել է տեղափոխել զինամթերքը այլ վայրեր, բառացի մեջբերեմ՝ մաքրելու նպատակով», – ասել է դատախազը։

Չնայած դրան, նրա ամառանոցում և տանը մեծ քանակությամբ զենք է հայտնաբերվել, որը րոպեներ շարունակ թվել է դատախազը։

Էջմիածնի առանձնատանը գտնվել է 71 միլիոն 760 հազար դրամ, 80 հազար դոլար, 67 հազար 350 եվրո, 246 հազար 500 ուկրաինական հրիվնա (մոտ 9400 դոլար)։

Դատախազը նշել է, որ քննչական գործողությունների ընթացքում Մանվել Գրիգորյանը, կապ հաստատելով խուզարկության վայրում գտնվող որդու հետ, հրահանգել է փոխանցել իրենց մտերիմ Արմեն Հակոբյանին, որ վերջինս ներկայանա խուզարկության վայր և «ամեն ինչ իր վրա վերցնի»։

«Բնականաբար, Գրիգորյանի հրահանգը կատարվել է և 30 րոպե անց խուզարկության վայր է ներկայացել Արմեն Հակոբյանը և հայտնել, որ ողջ ռազմամթերքն իրեն է պատկանում։

Հիմնավորվել է նաև, որ Մանվել Գրիգորյանը դեռևս չպարզված հանգամանքներում ձեռք է բերել և իր կնոջ Նազիկ Ամիրյանի և դստեր Այծեմնիկ Գրիգորյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արշալույս գյուղի երկու առանձնատներում ապօրինի կերպով պահել է 17 հազար փամփուշտ, 20 ձեռքի նռնակ, պայթուցիչներ, նռնականետեր։

Այսպիսով՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը սույն գործով ներգրավվի որպես մեղադրյալ։ Մեղադրանք առաջադրել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և կնոջ Նազիկ Ամրիյանի, դստեր՝ Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձնաց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող Արշալույս գյուղի երկու և Էջմիածին քաղաքի երկու առանձնատներում պահելու համար։ Միջնորդում եմ համաձայնություն տալ Մանվել Գրիգորյանին որպես մեղադրյալ ներգրավելու», ֊ ասել է Դավթյանը։

«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց է ուղղել Դավթյանին․ «Դա մեկ օրվա, մեկ տարվա հանցագործություն չէր, ո՞ւր էիք Դուք, իրավապահ համակարգը, երբ Մանվել Գրիգորյանը գողանում էր զինվորի հացը, երբ Գրիգորյանը տարիներ շարունակ բանդա էր ստեղծել պետության մեջ՝ պատանդ վերցնելով Էջմիածինը։ Պատասխանենք, ե՞րբ իմացաք, որ նա կատարել է այդ հանցագործությունները»։

Արթուր Դավթյանն ասել է, որ այդ մասին իմացել է 2018 հունիսի 5-ից, երբ սկսվել է վարույթը։

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, իր հերթին, նշել է, որ տարիներ շարունակ նախկին իշխանություններն ասել են՝ դուք վատ եք ապրում, ձեր թոշակները ցածր են, տնտեսությունը վատ է, բայց մենք բանակը լավ ենք պահում, մենք ունենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը․

«Տարիներ շարունակ կառուցված առասպելը, որ զինվորն ամեն ինչից վեր է, այս քանի օրերին այդ առասպելը բոլորիս առջև փլուզվեց։ Եվ նրանց շքեղ կյանքը չի կարելի այլ բան անվանել, քան խրախճանք գերեզմանների վրա․․․ Տարիներ շարունակ նախկին իշխանությունները մեզ ասել են՝ շատ մի՛ բողոքեք, ձեր իրավուքնների համար մի՛ պայքարեք, քանի որ սահմանին իրավիճակը լարում եք, թշնամին կտեսնի, կհարձակվի, թուրքը չտեսնի, ուրախանա․․․»։