Home / Բանակ / Մայորին մեղադրանք է առաջադրվել ականի պայթյունից մահացած 3 զինծառայողների դեպքի առթիվ

Մայորին մեղադրանք է առաջադրվել ականի պայթյունից մահացած 3 զինծառայողների դեպքի առթիվ

Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկի ինժեներական ծառայության պետին մեղադրանք է առաջադրվել երեք զինծառայողների պայթյունաբեկորային մահացու վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

«2017 թվականի նոյեմբերի 21-ին, մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, հակատանկային ականի պայթյունի հետևանքով պայթյունաբեկորային մահացու վիրավորումներ են ստացել նույն զորամասի զինծառայողներ՝ լեյտենանտ Գեղամ Զաքարյանը, շարքայիններ Սարգիս Աբրահամյանը և Սարգիս Մելիքյանը, իսկ շարքային Նարեկ Հովեյանի առողջությանը՝ պատճառվել ծանր վնաս:

..Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ականազերծում և ականապատում իրականացնող աշխատանքային խմբի ղեկավար է նշանակված եղել զորամասի ինժեներական ծառայության պետ Է.Գրիգորյանը՝ կոչումով մայոր (զորացրվել է 2018թ. փետրվարին), որը ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, չի կատարել իր վրա դրված պարտականությունները, ինչի հետևանքով աշխատանքները մանրակրկիտ պլանավորված և կազմակերպված չեն եղել: Ինժեներական աշխատանքներն իրականացվել են հանպատրաստից, այդ թվում՝ անձնակազմը, չի տիրապետել առաջադրված խնդրի կատարման կարգին, անվտանգության կանոններին և չի ունեցել ականապատման և ականազերծման միջոցների հետ վարվելու գործնական հմտություններ։ Մարտական վիճակում գտնվող հակատանկային ականները հանվել են ձեռքով` սուր ծայրով բահի միջոցով, և տեղափոխվել ձեռքով, ականադաշտի տեղազննում չի իրականացվել, ականորսիչներ, ճանկիչներ և շոշափիչներ չեն օգտագործվել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մայորին մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (Անփույթ վերաբերումք ծառայության նկատմամբգ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)», ֊ ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ: