Գլխավոր / Մարզեր / Ինչն է սեփականացրել Արտաբույնքի համայնքապետը․ ոստիկանությունը քննում է

Ինչն է սեփականացրել Արտաբույնքի համայնքապետը․ ոստիկանությունը քննում է

Եղեգնաձորի ոստիկանության բաժնում Ռաֆիկ Ի.-ն դիմում է ներկայացրել, որ Արտաբույնք համայնքի նախկին ղեկավար Սամվել Սեդրակայնն իր պաշտոնավարման ընթացքում (1997-2016թթ.) թույլ է տվել չարաշահումներ, ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, համայնքապետարանի մանկապարտեզը մոտ 600.000 դրամով ապօրինի գնել և գրանցել է իր որդու՝ Գոռ Սեդրակյանի անվամբ, որը շուկայական գնից բավական էժան է, իսկ մանկապարտեզի կաթսայատունը և ճաշարանը քանդել-վաճառել է՝ պետությանը պատճառելով նյութական վնաս:

Epress.am-ը կապ է հաստատել համայնքի բնակիչներից մեկի հետ։ Վերջինիս խնդրանքով անունը չենք հրապարակում։

Մեզ հետ զրույցում կինը նշել է, որ 30 տարի է, ինչ ինքն ապրում է գյուղում, երբեք մանկապարտեզ չեն ունեցել․ «Կա նախակրթարան, որը գործում է դպրոցի շենքում»։

Մանկապարտեզի մասին կինը տեղյակ չէր, սակայն նրա տեղեկություններով՝ այլ բան է համայնքապետը սեփականացրել։

Մասնավորապես, գյուղի՝ հեռուսատացույցի մասեր արտադրող գործարանն է Սեդրակյանը սեփականացրել և օգտագործել որպես չորանոց։ Այնտեղ սեզոնին տարել են սարերից հավաքված կանաչեղենը և չորացրել։

Չորանոցից, սակայն, կարողացել են օգտվել միայն այն գյուղացիները, որոնք ՀՀԿ-ական գյուղապետին ձայն են տվել։

«Մեծ խտրականություն էր դնում», -նշել է կինը։

Ոստիկանության լրատվական բաժնից, մեր հարցին ի պատասխան, նշել են, որ մանկարպարտեզի մասին տեղեկատվությունը ստացել են քաղաքացուց և քննություն է տարվում՝ ստուգելու իսկությունը։