Գլխավոր / Ազգային ժողով / Նախարար Մանե Թանդիլյանը կշարունակի պաշտոնավարել

Նախարար Մանե Թանդիլյանը կշարունակի պաշտոնավարել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականը։ Այս մասին վարչապետը հայտարարել է Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին։

«Ես չեմ ընդունել այդ դիմումը։ Մենք տիկին Թանդիլյանի հետ համատեղ որոշել ենք, որ պետք է շարունակենք մեր աշխատանքը։ Կուտակային կենսաթոշակային համակարգը բուռն քննարկումների տեղիք է տալիս, ոչ միայն կառավարությունում, այլ նաև հանրության շրջանում։ Մենք պետք է հանրության և մեր մեջ եղած բոլոր կասկածները փարատենք։ Այն որոշումը, որ մենք կայացրինք և Ազգային ժողովը հաստատեց, որոշման առանցքային նպատակը նախ և առաջ ժամանակ շահելն է, որ դանդաղ, խորը քննարկում ունենանք», — ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ իրենք չեն կասկածում, որ համակարգը բարելավման կարիք ունի։

Վարչապետը Թանդիլյանին հանձնարարել է Կառավարության մյուս անդամների, շահագրգիռ նախարարությունների, հանրության ներկայացուցիչների հետ աշխատել, որ առաջիկա 2 ամսվա ընթացքում ներկայացնել կոնկրետ նախագիծ և խնդիրների ցանկ։

Նախարարը նշել է, որ պատրաստ է շատ կարճ ժամկետներում հանրությանը ներկայացնել նախագիծը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում։

Նշենք, որ դրան զուգահեռ ԱԺ-ում ընթացող նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 71 կողմ, 2 դեմ, 4 ձեռնպահ ձայնով ընդունվել է Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ըստ այդմ՝ այս տարվա հուլիսի 1-ից 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները պետք է իրենց եկամուտների 2,5 տոկոսը փոխանցեն կենսաթոշակային հիմնադրամներին:

Հիշեցնենք, որ Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի հետ կապված ՀՀ կառավարության հետ ունեցած անհամաձայնությունները հունիսի 12-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի մասին դիմում ներկայացնելու պատճառ դարձան ։

«Այս հարցը սկզբունքային նշանակություն ունի ինձ համար։ Պարտադիր բաղադրիչը չուներ և չունի հանրության աջակցությունը, և դրա պատճառները բազմաթիվ են և բազմաշերտ», — նշել էր նախարարը։