Գլխավոր / Բանակ / ՊՆ-ի պաշտոնյաների գողություններն ազդում են երկրի անվտանգության վրա

ՊՆ-ի պաշտոնյաների գողություններն ազդում են երկրի անվտանգության վրա

2017 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2018 թվականի հունիսը Հայաստանի զորամասերից մեկի մի քանի ստորաբաժանումների հրամանատարներ դուրս են գրել և յուրացրել մեծ քանակությամբ վառելանյութ: Վառելանյութի հերթական խմբաքանակի վաճառքի պահին բերման են ենթարկել լցակայաններից մեկի սեփականատիրոջն ու զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետին: Այս մասին հայտնում է Ազգայի անվտանգության ծառայությունը։

«Զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետը, համաձայնության գալով զորամասի ղեկավարության հետ, վառելիքը մաս-մաս դուրս է բերել զորամասից և վաճառել տարածաշրջանում գործող լցակայանների սեփականատերերին: Այնուհետ վաճառքից գոյացած գումարի մեծ մասը փոխանցվել է զորամասի հրամանատարին, իսկ մնացածը՝ բաշխվել է ստորաբաժանումների հրամանատարների միջև», -նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Փաստի առթիվ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Առանձնապես խոշոր չափերով յուրացումը):

Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված մեկ էլ քրեական գործ է հարուցվել։ Այսպիսով՝ 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին ՊՆ զորամասերից մեի նյութական ապահովման համար պատասխանատու զինծառայողները նորոգման համար զորամաս ուղարկված զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ավտոմոբիլային տեխնիկական պահեստամասերն, այդ թվում՝ շարժիչներ, փոխանցման տուփեր, անվադողեր և ընթացամասեր ներկայացրել են իբրև հետագա շահագործման համար ոչ պիտանի և վաճառել ավտոպահեստամասերի առք ու վաճառքով զբաղվող  տարբեր անձանց, իսկ ստացված գումարները յուրացրել:

Բացի դրանից, ռազմական տեխնիկայի վերանորոգման համար դուրս գրված նոր պահեստամասերը վաճառել են և դրանց փոխարեն տեխնիկաների վրա տեղադրել օգտագործված պահեստամասեր:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով: Այն է՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով յուրացումը:

Նշված երկու քրեական գործերով կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում պատճառված նյութական վնասի չափերը ճշգրտելու ուղղությամբ:

«Հարկ է հատուկ շեշտել, որ զինծառայողների կողմից կատարված նման գործողությունները զգալի նյութական վնաս է հասցնում ՀՀ Պաշտպանության նախարարությանը: Ինչպես նաև բացասաբար է անդրադառնում ՀՀ սահմանների անվտանգության ապահովման գործընթացի և զինված ուժերի մարտունակությանը, մարտական պատրաստակամության վրա՝ նախադրյալներ ստեղծելով արտակարգ պատահարներ համար», -նշված է հաղորդագրության մեջ։