Home / Առողջապահություն / 2018 թվականի ցույցերին աննախադեպ մեծ թվով քաղաքացիներ են բերման ենթարկվել

2018 թվականի ցույցերին աննախադեպ մեծ թվով քաղաքացիներ են բերման ենթարկվել

2018 թվականի ապրիլի 16-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի և քաղաքացիական անհնազանդության օրերին, ոստիկանական բաժիններ են տեղափոխվել աննախադեպ մեծ թվով քաղաքացիներ: Այս մասին նշված է «Իրազեկ քաղաքացիների միավորում» (ԻՔՄ) կազմակերպության ուսումնասիրության մեջ։

Նշված ժամանակահատվածում ձևավորված իրավապաշտպանների թեժ գիծը ստացել է քաղաքացիներին բերման ենթարկելու ավելի քան 1000 ահազանգ, ընդ որում գրանցվել են ակտիվիստներին թիրախավորելու դեպքեր:

Ոստիկանության տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում Հայաստանի տարբեր շրջաններից ոստիկանական բաժիններ է տեղափոխվել 1236 քաղաքացի, ընդ որում, ամենամեծ թվով բերման ենթարկվածներ եղել են ապրիլի 22-ին՝ 363 անձ: Հիշեցնենք, հենց այդ օրը Արցախի փողոցից բերման ենթարկվեցին շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը:

Համեմատության համար նշված է, որ 2015թ. հունիսի 23-ին՝ «Էլեկտրիկ Երևան» շարժման ժամանակ բերման են ենթարկվել 237 քաղաքացի, իսկ դրան հաջորդած մոտ 2 շաբաթների ընթացքում բաժիններ տեղափոխելու հատուկենտ դեպքեր են գրանցվել:

Իսկ 2016թ. հուլիսի 17-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում՝ Էրեբունու ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած բողոքի ակցիաների ժամանակ, Երևանում, Վանաձորում և Գյումրիում ոստիկանական բաժիններ է տեղափոխվել 775 քաղաքացի (ամենաշատը՝ հուլիսի 29-ին՝ 207 քաղաքացի):

«Հարկ է նշել, որ այս շարժումն աչքի էր ընկնում անչափահասների ակտիվ մասնակցությամբ, և զարմանալի չէ, որ բերման ենթարկվածներից 121-ը, ըստ ոստիկանության տվյալների, եղել են հենց անչափահասներ։ Ուշագրավ է, որ բերման ենթարկվածների այսպիսի թիվ չի գրանցվել նախորդ տարիներին Հայաստանում անցկացված բազմամարդ բողոքի ակցիաների ժամանակ», -նշված է ուսումնասիրության մեջ:

Իրավապաշտպանների թեժ գիծը հարյուրավոր ահազանգեր է ստացել այն մասին, որ քաղաքացիներին ոստիկանական բաժիններ են տեղափոխում բռնությամբ և ուժի գործադրմամբ: Ոստիկանական բաժիններում ակտիվիստների նկատմամբ վերաբերմունքը եղել է առավել հավասարակշռված, և տեղերում արդեն բռնության դեպքեր հիմնականում չեն գրանցվել:

«Համեմատելով նախորդ տարիների փորձի հետ՝ սա կարելի է գնահատել որպես դրական միտում, այնուամենայնիվ, այս անգամ ֆիզիկական բռնությունը փոխարինվել է հոգեբանական ճնշմամբ: Մասնավորապես, փաստաբանները հայտնել են, որ դեպքերի մեծ մասում քաղաքացիները պահվել են նախատեսված 3 ժամից ավել, նրանց չեն տեղեկացրել իրենց բերման ենթարկելու հիմքերը, չեն պարզաբանել իրենց իրավունքները, առանց համաձայնության լուսանկարել են և մատնահերքեր վերցրել, սահմանափակել զանգի, սնվելու հնարավորությունը, անգամ հորդորել են հրաժարվել փաստաբանական ծառայությունից», -նշված է ուսումնասիրութայն մեջ:

Առողջապահության նախարարության՝ ԻՔՄ-ին տրամադրած տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում տարբեր բժշկական կազմակերպություններ են ընդունվել ակցիաներին մասնակցող 127 քաղաքացի՝ տարբեր մարմնական վնասվածքներով: