Գլխավոր / Առողջապահություն / «Հուսո երիցուկը» ապօրինաբար փող էր ստանում հաշմանդամ և անապահով երեխաների համար

«Հուսո երիցուկը» ապօրինաբար փող էր ստանում հաշմանդամ և անապահով երեխաների համար

«Հուսո երիցուկ» կազմակերպությունում բացահայտվել է 2 միլիոն դրամի յուրացման դեպք։ Այն իրեն բնութագրում է իբրև «Հաշմանդամ և Անապահով Երեխաների Պաշտպանության Հասարակական Կազմակերպություն»։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ կազմակերպության նախագահը 2017թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսներին որպես աշխատակից է ձևակերպել 10 անձի, որոնք իրականում չեն հաճախել աշխատանքի։ Զբաղվածության պետական գործակալության կողմից ՀԿ-ին փոխանցվել է 200 հազար դրամ յուրաքանչյուր գոյություն չունեցող աշխատակցի համար։

Օրենսդրությամբ՝ գործատուն պետությունից ստանում է միանվագ փոխհատուցում 200 հազարի չափով, եթե աշխատանքի է ընդունում աշխատաշուկայում անմրցունակ յուրաքանչյուր անձի։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում կամ վատնում) 2-րդ մասի 1-ին (պաշտոնեական դիրքն օգտագործելով) և 3-րդ (խոշոր չափերով) կետերով։

«Հուսո երիցուկ» կազմակերպության ծրագրերի ղեկավարը հրաժարվել է իրենց դեմ քրեական գործը մեկնաբանել։ ՀԿ-ի ֆեյսբուքյան էջը կոչ է անում լրատվամիջոցներին «դրսևորել մաքսիմալ հարգանք և համբերատարություն, քանի որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ, որը նշանակում է, որ դեպքը քննման ենթակա է։ Հայցում ենք բոլորիդ ներողամտությունն այս անախորժության համար ու ակնկալում փոխադարձ մարդկային վերաբերմունք»։

«Հուսո երիցուկի» կանոնադրական նպատակներից են․
— հատուկ կարիքավոր երեխաների եւ երիտասարդների աշխատանքով ապահովումը,
— հատուկ կարիքավոր երեխաների շփման ու ինտեգրման ապահովումը Ազգային բանակի շարքերում
— երիտասարդների մեջ սերմանել հայրենասիրություն։