Գլխավոր / Ոստիկանություն / Տարոն Մարգարյանի դեմ ակցիայի մասնակիցը ներել է իր վրա հարձակվողին

Տարոն Մարգարյանի դեմ ակցիայի մասնակիցը ներել է իր վրա հարձակվողին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող մայիսյան ակցիաների ժամանակ հարձակման ենթարկված Համբարձում Մուրադյանը հրաժարվել է դիմել դատարան, քանի որ հասկացել է, որ հարձակվողն իրոք զղջում է։ Epress.am-ի հետ զրույցում երիտասարդը պատմել է դեպքի մանրամասները։

Մայիսի 10-ին՝ 20։30-ի սահմաններում, Բաղրամյան պողտայում ծեծի էին ենթարկել Մարգարյանի հրաժարականը պահանջող 2 ակտիվիստի։ Նրանք այդ պահին իրազեկում էին՝ քաղաքային իշխանությունների հրաժարականը պահանջող ակցիան մայիսի 11-ին շարունակելու մասին։ Երբ նրանք հասել էին Երզնկյան փողոցի խաչմերուկ, այնտեղ կանգնած սպիտակ «Նիվա Շևրոլե» 17 JO 707 համարներով մեքենայից իջել էր սև գլխարկով մի տղամարդ, հարձակվել ցուցարարներից մեկի՝ Էդգարի վրա, կոտրել նրա քիթը, ջարդել Համբարձում Մուրադյանի բարձրախոսը և գոռացել. «Դե զզվցրիք էլի…»։

Օրեր առաջ Մուրադյանը առերեսվել է իրենց վրա հարձակված տղամարդու վրա։ Նրա անունը Մուրադյանը չի հիշում։

Մոտ 40-ամյա տղամարդը հավաստիացրել է, որ ինքը ոչ մի կապ չունի Տարոն Մարգարյանի թիմակիցների հետ և իր հարձակումը ակցիաների հետ կապված չի եղել։

«Ինքը եկավ, ներողություն խնդրեց։ Նա ասաց, որ ինքը այդ կողմերի բնակիչ է, ընկերոջ տանն են եղել դեպքի օրը, մի քիչ տրամադրությունները բարձր է եղել, բարձրախոսի ձայները իրենց վրա ազդել է… Ասում է, տղաներ ջա՛ն, ես չէի եկել ձեզ ծեծելու, եկել էի ուղղակի բարձրախոսը կոտրեմ. ամբողջ օրը այդ ձայներն է գլուխներումս», -պատմել է Մուրադյանը։

Նրա համոզմամաբ՝ տղամարդը իրոք անկեղծ է եղել, զղջացել է և կապ չի ունեցել Տարոն Մարգարյանի թիմակիցների հետ։ Ջարդված բարձրախոսի համար տղամարդը Մուրադյանին փոխհատուցել է 150 հազար դրամ։

Մուրադյանի տեղեկություններով՝ քթի կոտրվածք ստացած տղան՝ Էդգարը, իր բողոքը դեռ հետ չի վերցրել։ Առայժմ մեզ չի հաջողվել կապ հաստատել Էդգարի հետ։