Home / Շուկա / Հեղափոխությունը չպետք է սահմանափակել

Հեղափոխությունը չպետք է սահմանափակել

Հայաստանում ժողովրդի ուժով բռնատիրական վարչակարգի տապալումից հետո կարծես համընդհանուր համաձայնություն կա այն մասին, որ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ։ Ներկայիս քաղաքական դաշտում գերիշխող են Հայաստանում օրինականության և ժողովրդավարական հաստատությունների կայացմանն ուղղված բարեփոխումների առաջարկներն ու խոստումները։ Խոսվում է ընտրական նոր օրենսգրքի որդեգրման, կուսակցությունների մասին օրենքի վերանայման, դատական համակարգի բարեփոխման, կոռուպցիայի բացառման, պետական կառավարման ոլորտ բիզնեսի ներթափանցումն արգելելու և նմանատիպ գործողությունների մասին, որոնք մենք համարում ենք անհրաժեշտ, անհետաձգելի, բայց ոչ բավարար։

Համակարգային փոփոխությունները ենթադրում են ոչ միայն քաղաքական ինստիտուտների, այլև տնտեսական կարգի և հարաբերությունների վերանայում։ Ռեսուրսների անարդար բաշխման արդյունքում առաջացած տնտեսական և սոցիալական խնդիրներն առավելագույնս են ազդում մարդկանց ամենօրյա կյանքի վրա, ուստի այս խնդիրների խորքային քննարկումն ու հատկապես դրանք ծնած սոցիալական ու տնտեսական համակարգերի քննադատությունն ու վերաձևակերպումը չպետք է շարունակեն մնալ քաղաքական օրակարգի ծայրամասում։

Առանց խնդրականացնելու Հայաստանի նախորդ կառավարությունների իրականացրած տնտեսական ու քաղաքական ռեֆորմների էությունը՝ ներկայիս ժամանակավոր կառավարությունն ու նրա շուրջը համախմբված գործարարներն ու հասարակական կազմակերպությունները երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը տեսնում են՝ ազատ ընտրությունների, տնտեսական մենաշնորհների և ներկրումների արգելքների վերացման, մրցակցության և ստեղծարարության խթանման, արտաքին ներդրումների ապահովման մեջ։ Այս առաջարկներն ու խոստումները, սակայն, շարունակում են Հայաստանում անկախությունից ի վեր հաստատված տնտեսական կարգի տրամաբանությունը՝ պարզապես օրինական դաշտ բերելով այն։ Աղքատության, արտագաղթի, տնտեսական մենաշնորհների և մյուս խնդիրների լուծման համար այսօր առաջարկվող դեղատոմսը նեոլիբերալիզմն է։ Բազմաթիվ են, սակայն, նեոլիբերալ-կապիտալիստական երկրների օրինակները, որտեղ թեև ընտրությունները չեն կեղծվում, չկան ներկրումների արգելքներ, պետբյուջեն ավելի քան հարուստ է, բայց ևկա հարստության խտացում փոքրամասնության ձեռքերի մէջ, դասակարգային բևեռացում, աղքատություն ու շահագործվող աշխատավորական խավ։

Խոստացվող ներդրումային կապիտալի ներհոսքը դեռևս չի նշանակում այդ կապիտալի հավասար ու արդար բաշխում։ Ներդրումների արդյունքում խոստացվող աշխատատեղերի ստեղծումը դեռևս չի նշանակում արժանապատիվ, արդար ու բավարարող աշխատանքի ապահովում։ Իրականում ներդրումը բիզնեսի ծախսային կողմն է միայն, որը բնավ բարեգործություն չէ, քանի որ ծառայում է բիզնեսի մյուս՝ շահույթի կողմին, որին անդրադարձ չի արվում ներդրումները փառաբանող մերօրյա քննարկումներում։ Չափազանց կարևոր է, թե ի՞նչ եղանակներով և ի՞նչ պայմաններում է ստացվելու այդ շահույթը, ի՞նչ բացասական ազդեցություններ է թողնելու շահույթի ստացումը մարդկանց ու բնության վրա։ Տակավին, խոստացվող վարկային տույժ-տուգանքների բեռի թեթևացումը դեռևս չի նշանակում հետագա վարկային ստրկացման բացառում, քանի դեռ հարցականի տակ չի դրվել ներկայիս ֆինանսա-վարկային քաղաքականությունն ընդհանուր առմամբ։ Մեծահարուստ գործարարների պետական ոլորտում ներկայացվածության բացառումը դեռևս չի նշանակում, որ նրանք չեն ունենա վճռորոշ քաղաքական ազդեցություն, քանի դեռ չկան բիզնեսի շահերը սպասարկող լոբինգը զսպելու մեխանիզմներ։ Խոստացվող տնտեսական աճն ու բյուջետային եկամուտների ավելացումը նույնիսկ ինքնըստինքյան չեն նշանակում աղքատության վերացում ու սոցիալական արդարության հաստատում, քանի չկան հարստության հավասար բաշխումն ապահովող մեխանիզմներ։

Վերջապես, իրավունքի գերակայությունն ու ժողովրդավարությունը նույնիսկ կարող են խաթարվել, եթե համակարգում առկա տնտեսական դասակարգերը շարունակեն մնալ բևեռացված հարաբերություններում: Քաղաքական ժողովրդավարությունը մնում է վերաշրջելի, հակահեղափոխության ենթակա, քանի չկա տնտեսական ժողովրդավարություն։ Սանձարձակ կապիտալը միշտ էլ ձգտելու է իշխանության, որ ապահովի ավելի շատ կապիտալ, ինչն իր հերթին կապահովի ավելի շատ իշխանություն։

Մեկնելով վերոհիշյալից՝ հարկ ենք համարում ազդարարել, որ հեղափոխությունը չպետք է սահմանափակել քաղաքական ժողովրդավարացման ու տնտեսական աճի տեսլականով, այլ պետք է անպայման աշխատել ի շահ սոցիալական արդարության ու տնտեսական ժողովրդավարության։

Ավելի կոնկրետ՝ կառավարությունից և հասարակությունից ակնկալում ենք՝

մշակել, թելադրել ու հաստատել գիտության, առողջապահության, կրթության, սոցիալական ապահովության, կենսաթոշակային ոլորտներում այնպիսի քաղաքականություն, որը հիմնված է սոցիալական արդարության, համերաշխության ու փոխօգնության, այլ ոչ՝ մրցակցության, մասնավորի կողմից հանրային կապիտալի շրջանառության ու բիզնես շահույթի գաղափարների վրա։ Մենք նոր Հայաստանում ակնկալում ենք բյուջեի համաչափ ու արդար բաշխում, սոցիալական ապահովության հանրային համակարգերի ուժեղացում և այս համակարգերի մասնավորեցման գործընթացի հետմղում։

Բանկային և վարկային ոլորտում մշակել և ներդնել ներկայիս վաշխառուական գործելակերպը բացառող, փողի կուտակման ու բաշխման անդամակցային, արդար ու ժողովրդավարական մեխանիզմներ։

Մշակել, թելադրել ու տնտեսության մեջ ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք կապահովեն կապիտալի արդար բաշխումը և կվերացնեն սոցիալական բևեռացումը, այդ թվում՝ աճող հարկային քաղաքականության, բազային համընդհանուր եկամտի, կոլեկտիվ սեփականության խթանման մեխանիզմների միջոցով։

Ուժեղացնել ու արդյունավետ դարձնել աշխատավորների իրավունքների պաշտպանության մեխանիզմները, այդ թվում՝ հզորացնելով արհմիություններն ու խթանելով նրանց ինքնակազմակերպումը, ինչպես նաև օրենսդրորեն ամրագրելով պետության կողմից աշխատավորներին պաշտպանելու պարտականությունը: Տեխնոլոգիական մեր դարաշրջանում անհրաժեշտ է նաև արմատապես վերանայել այնպիսի նորմեր, ինչպիսիք են 19-րդ դարից ժառանգված 8-ժամյա աշխատանքային օրը, աշխատանքի և հանգստի հարաբերակցությունը, աշխատավոր-գործատու անհավասար երկատումը և այլն։

Բնապահպանության ոլորտում ընդունել մի պարզ սկզբունք, որ բնության պահպանումը պետք է լինի անշահախնդիր ու չնվազեցվի մարդու պահանջմունքների բավարարմանը։ Սրանից կբխեն առօրյա կյանքի և տնտեսության կազմակերպման մեջ մարդու՝ էկոհամակարգի մասնիկ լինելու, ոչ թե էկոհամակարգերի նկատմամբ գերակա, վերադաս ու վերահսկող լինելու գործելակերպեր։ Հանրային վերահսկողության բացակայության, մասնավորի գերիշխանության պաշտպանության, վերահսկող օրենքների և նորմատիվների թուլացման, վերացման կամ ձևական դարձնելու, վերահսկող տեսչությունների լուծարման կամ թուլացման պարագայում՝ բացի մասնավոր ընկերություններից և նրանց ֆինանսավորողներից, այդ թվում՝ օտարերկրյա ներդրողներից, պարտվում են մնացած բոլորը, զուգահեռ քայքայվում է բնությունը:

Քաղաքական ու տնտեսական հարաբերությունները կառուցելիս՝ վերացնել անտեսանելի, այդ թվում՝ մշակութային արգելքները, որոնք որպես կանոն սահմանափակում են հանրության տարբեր շերտերի՝ կանանց, էթնիկ ու կրոնական խմբերի, սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության բազմազան խմբերի, աշխատունակության տարբեր աստիճաններ ունեցող անձանց հնարավորությունները՝ լիարժեքորեն ու հավասար կերպով մասնակցելու այդ հարաբերություններին։

Գիտակցում ենք, որ բարձրացված հարցերի ցանկը սպառիչ չէ, ու որ դրանք պահանջում են ավելի խորքային քննարկում։

Ուստի կոչ ենք անում այս մտահոգությունները կիսող անձանց՝ վերը նշված սոցիալական արդարության և տնտեսական ժողովրդավարության հաստատման հրամայականը դարձնել լայն հանրային քննարկման թեմա, որի արդյունքում կձևավորվի համապատասխան քաղաքական օրակարգ։ Որպես նախնական քայլ մենք նախաձեռնում ենք քննարկումների առցանց հարթակի ստեղծում, որի կայացմանն ու զարգացմանը կարող են մասնակցել վերը նշված մոտեցումները կիսող բոլոր անձինք։

Երևան, 22․06․2018

Աննա Շահնազարյան
Արփինե Գալֆայան
Զառա Հարությունյան
Հրակ Փափազեան
Սոֆյա Մանուկյան
Վահրամ Սողոմոնյան



27.04.2018