Home / Համայնքներ / Ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող պաշտոնյան շարունակում է «սև ցուցակներով» առաջնորդվել․ Սինջար

Ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող պաշտոնյան շարունակում է «սև ցուցակներով» առաջնորդվել․ Սինջար

«Սինջար» եզդիների ազգային միավորում կազմակերպությունը շարունակում է մնալ ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող Նաիրա Գուլյանի սև ցուցակում։ Օրերս վերջինս հանդիպման էր հրավիրել ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպություններին՝ բացի «Սինջար» կազմակերպությանը։ Կազմակերպությունը բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ուշադրությունը հրավիրելով խնդրի վրա։

«Տիկին Գուլյանը համաժողովրդական շարժման արդյունքում ձևավորված իշխանության կառավարությունում աշխատում է այնպես, ինչպես ժամանակին աշխատել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմում, երբ Արմեն Աբելյանի գլխավորությամբ համակարգում էր ազգային փոքրամասնությունների խնդիրներով զբաղվող նախագահին կից խորհրդի աշխատանքները․․․Հարգելի՛ պարոն Փաշինյան, ցավով ենք արձանագրում, որ Ձեր կառավարության անունից հանդես եկող այս անձը շարունակում է իներցիայի ուժով մեզ պահել սև ցուցակում, որը կազմվել է դեռևս Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին: Այն ժամանակ իշխանությունը անում էր ամեն բան, որպեսզի իրենց ընդդիմացող ազգային փոքրամասնություններ ներկայացնող հասարակական կազմակերպությունները, որևէ ձևով մասնակից չլինեն պետության կողմից կազմակերպվող քննարկումներին: Հիմա տիկին Գուլյանը Ձեր կառավարությունում առաջնորդվում է Սերժ Սարգսյանի իշխանության կողմից կազմված ցուցակներով:

Պարոն վարչապետ, վստահ ենք, որ Դուք հավատարիմ կլինեք ԱԺ-ում հնչեցրած Ձեր մտքին, և այսուհետ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան օրենքի սահմաններում ազատ գործել։

Նաիրա Գուլյանի ու իր նախկին ղեկավար Արմեն Աբելյանի վերաբերյալ բազմաթիվ կոռուպցիոն պատմությունների խոսակցություններն են շրջանառվում, ու լավ կլինի, որ ԱԱԾ-ն զբաղվի այդ խոսակցություններով ու, եթե հաստատվի նրա մասնակցությունը ինչ-ինչ կոռուպցիոն պատմությունների, խնդրում ենք հեռու պահել նրան Ձեր կառավարության կազմից:

Պարոն Վարչապետ, Նաիրա Գուլյանի խտրական վերաբերմունքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ սխալ է տարիներ շարունակ արմատացած այն մոտեցումը, ըստ որի ազգային փոքրամանսույթունների խնդիրներով չպետք է զբաղվեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Ուստի մենք առաջարկում ենք Ձեզ, որպեսզի կառավարության կազմում գործող բոլոր այն կառույցները, որոնք կոչված են զբաղվել ազգային փոքրամասնույթունների խնդրով, ղեկավարեն Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Վստահաբար նրանք առավել լավ կհասկանան բոլոր այն խնդիրները, որոնք հուզում են մեզ ու չեն փորձի ուղղակի տպավորություն ստեղծել, որ ազգային փոքրամասնությունները խնդիրներ չունեն», – մասնավորապես, նշված է հայտարարության մեջ։

Գործունեության յոթ տարիների ընթացքում, «Սինջար»-ը հրատարակել է ութ գիրք՝ եզդիների պատմության, ավանդույթների, ցեղասպանության և մշակույթի մասին, հիմնել է կրթամշակութային կենտրոն Արմավիրի մարզի Արաքս համայնքում, Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ համայնքում, կիրակնօրյա դպրոց Երևան քաղաքում, ուսումնասիրել և զեկույցի տեսքով հրատարակել է եզդի կանանց կրթական իրավուքնների խախտման մասին զեկույց, հիմնել են եզդիների կյանքը լուսաբանող Dengeezdia.com լրատվական կայքը, նկարահանել երկու տասնյակի հասնող փաստագրական ֆիլմեր եզդիների մասին, զբաղվել տասնյակ եզդիների խախտված իրավունքների վերականգնմամբ, հրատարակել «Եզդիների Ձայն» ամսաթերթը:

«Փոքրամասնությունների հարցով զբաղվող ադեկվատ պաշտոնյան չէր կարող չիմանալ «Սինջար» եզդիների ազգային միավորման մասին», – եզրափակում է հայտարարությունը։